Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՛ անիր, դու ստիպված ես երկու շարքից փոքրագույնը ընտրել։

— Ինչո՞ւ եմ ստիպված,— գոչեց Բարաթյանը վերջապես, չկարողանալով զսպել յուր վրդովմունքը։

— Ինչո՞ւ… Լա՛վ, քանի որ ուզում ես իմանալ, լսի՛ր, ուրեմն։ Ստիպված ես դու, ինչպես և՛ ես, որովհետև այրիի դատը կարող է մեր երկուսի անունին կպցնել մի կարճ ածական— գող։

— Վեքիլյա՛ն:

— Իզուր ես վրդովվում։ Այո՛, ես ու դու գող ենք։ Զանազանությունը միայն այն է, որ ես հասարակ գող եմ, իսկ դու պատվի գող։ Թողնում եմ քեզ դատելու, թե որն է այս երկուսից ավելի վատը։ Բարաթյան, մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում, այնպես չէ՞, տեսնո՞ւմ ես, որ ես ճշմարտությունը քեզանից չեմ թաքցնում։ Ուրեմն դու էլ ինձ հետ անկեղծ եղիր գոնե մի օր, մի ժամ։ Ամբակում Աֆանասևիչը և ես օգտվել ենք հանգուցյալի հարստությունից, թե ինչու — դա կպարզվի դատաստանում։ Իսկ դու հափշտակել ես նրա պատիվը. թե ինչպե՛ս — դա էլ կպարզվի դատաստանում։ Այո՛, ես համոզված եմ, որ ինչքան էլ դատը զգույշ տարվի, պետք է այս գաղտնիքները պարզվեն։ Այրին խելոք կին չէ. նա չի մտածում յուր անվան մասին, կամ շատ կարելի է մտածում է, բայց չէ՞ որ հուսահատված մարդը կորցնում է յուր առողջ դատողությունը։ Իսկ դու խելոք ես, գոնե դո՛ւ մտածիր քեզ համար…

Բարաթյանը չհակառակեց։ Նա լուռ և հուզված լսում էր, միևնույն ժամանակ ատելությամբ նայելով իրավաբանի երեսին։

— Վճռի՛ր և իսկույն հանձն առ,— շարունակեց Վեքիլյանը,— որովհետև անկարելի է գործը հետաձգել։ Վաղը կամ մյուս օրը փաստաբանը կարող է դատաստանին խնդիր ներկայացնել։ Այդ մարդուն կաշառելը դժվար բան չէ, բայց դա բավական չէ։ Դրանով մենք կարող ենք միայն ստիպել նրան գործից հրաժարվել։ Բայց ուրիշ փաստաբաններ շատ կան։ Անհրաժեշտ է այրիին էլ կաշառել։ Վերջապես, ես ինքս այժմ տեսնում եմ, որ անգթություն է խեղճ կնոջը թողնել