Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն այցելում էր մի փոքրիկ պարտեզ, ուր հասարակ սեղանների շուրջը հոգնած, վաստակած և շոգից թուլացած մարդիկ նստած խոսակցում էին, մերթ ընդ մերթ գարեջրի դատարկ բաժակները սեղանին զարկելով, որ սպասավորը գա նորից լեցնելու։

Նա միշտ նստում էր առանձին սեղանի մոտ և մի շիշ գարեջուր առջևը դրած դիտում էր այցելուներին։ Նա ուներ մի քանի ծանոթներ, որոնց միայն հեռվից բարևում էր։ Նա դարձյալ խույս էր տալիս հասարակությունից, ուստի շատերը նրան համարում էին անմատչելի, գոռոզ, մինչև անգամ տարօրինակ, խենթ։ Դիմաքսյանի բացակայութլունը նրա տաղտկությունը ավելացնում էր։ Վերջին նամակը ստանալուց անցել էր մի շաբաթ, և նա դեռ չէր գալիս։ Ի՞նչն է, արդյոք, այդ մարդուն պահում հայրենի քաղաքում, քանի որ նա երբեք այդքան ժամանակ չի մնացել այնտեղ։

Իրիկնադեմ էր։ Թեյ խմելուց հետո Մսերյանը նստած էր յուր սենյակի առջև գտնվող պատշգամբի վրա։ Արևը նոր մայր էր մտել, օդի մեջ թողնելով ծանր տոթ։ Փոքրիկ գավթում ոչ ոք չկար։ Տանտիրուհու բադերը լողում էին մի մեծ քարյա ջրամանում, երբեմն դուրս գալով ցամաք և իրանց թևերը թափահարելով։

Մսերյանը թղթատում էր մի նոր գիրք, որ այն օրն էր գնել։ Երբեմն նայում էր գրքի էջերին, երբեմն դեպի երկինք։ Այնտեղ, դիմացի հեռու լեռան հետևից բարձրանում էր սպիտակ ամպերի մի սար, որ հետզհետե ուռչում էր, լայնանում և զանազան ձևեր ընդունում։ Արևի վերջին շողքերը արագ-արագ փոփոխում էին նրա գույնը, ներկելով մերթ մանիշակագույն, մերթ դեղին, մերթ կարմիր և այդ գույների խառնուրդից առաջացնում տասնյակ ֆանտաստիկական երանգներ։

Պատշգամբի մյուս ծայրին նստած էր տանտիրուհին — մի պառավ վրացի կին — յուր յոթ-ութ տարեկան թոռան հետ։ Դա մի սևաչյա, գեղեցիկ, աշխույժ աղջիկ էր, որ շարունակ բարձր ձայնով ծիծաղում էր, խփելով յուր տատի ծնկներին, ուսերին, ձեռներին։ Ժամանակ առժամանակ Մսերյանը նայում էր այն կողմ և ժպտում։ Դեռահաս աղջկա