Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անզուսպ քրքիջները որ բխում էին մանկական անհոգ սրտից, մի տեսակ մելամաղձոտ հաճույք էին պատճառում նրան։ Մի րոպե ձեռը դնելով գրքի վրա, նա մտքով սլացավ դեպի յուր մանկությունը, այդ տասնյակ տարիների թանձրության հետևում կորած, մոռացված հեռավոր անցյալը։ Շատ քիչ բան էր հիշում այդ անցյալից կամ ոչինչ չէր հիշում։ Թվում էր նրան, որ երբեք չի ունեցել ոչ միայն մանկություն, այլև պատանեկություն, այլև երիտասարդություն, որ միշտ եղել է այնպես, ինչպես կա այժմ — յուր ներկա մտքերով, հոգսերով և թախիծով։

Ահա լրացավ նրա քառասուն տարին — չորս ամբողջ տասնյակներ։ Միթե այդ չի՞ ծերությունը։ Ի՞նչ է արել մինչև այժմ, ի՞նչ կյանք է ունեցել, ի՞նչ ուրախություն, ի՞նչ մխիթարություն։ Մի՞թե ոչինչ և ոչինչ։ Օրերը անցնում են իրանց սովորական ընթացքով, այսօրը նման երեկվան, վաղը՝ այսօրվան և այսպես միշտ ու շարունակ… Կհասնի մի օր վերջին ժամը, և նա այլևս չկա աշխարհի երեսին բոլոր յուր գաղափարներով, բոլոր յուր իղձերով…

Իղձե՞ր։ Արդյոք ունեցե՞լ է նա իղձ… Ինչո՞ւ չէ, ունեցել է և այժմ իսկ ունի… Նա շատ է վհատվել, բայց երբեք չի կորցրել յուր հույսը մարդկության լավագույն ապագայի մասին։ Նա միշտ հավատացել է, այժմ էլ հավատում է, թե ամեն ինչ պետք է փոխվի, վերանորոգվի։ Բայց այն ի՞նչ հավատ է եղել, որ չի ստիպել նրան գործվելու յուր գաղափարների համար։

Այո՛, ժամանակ է, որ նա ինքն իրան հաշիվ տա, ժամանակ է, որ ինքն իրան հարցնի — ի՞նչ նպատակի է ծառայում յուր կյանքը։ Մի՞թե ապրում է նրա համար, որ գիշեր֊ցերեկ կարդա և կարդում է նրա համար, որ օրեցօր ավելի ու ավելի ծուլանա…

Ոչ, ոչ, այդ անկարելի է, պետք է մի կերպ վերջ տալ այս վհատեցնող, մեռցնող միատեսակությանը։ Աններելի է, այո՛, մինչև անգամ կատարյալ բարոյական հանցանք է այս տեսակ բուսական կյանք վարելը…

«Կյանք, որից ոչ ոք ոչինչ օգուտ և ոչինչ վնաս չունի…»։

Նա գիրքը արհամարհանքով ձգեց մի կողմ, արմունկները