Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուս ծայրը, նստեց նրա դեմ և, ձեռները հենելով ծնկներին, պատրաստվեց ականջ դնելու նրան։ Դիմաքսյանը մի ծխախոտ վառելով, սկսեց մանրամասն պատմել այն բոլորը, ինչ որ տեսել էր, ուսումնասիրել և զգացել յուր հայրենիքում վերջին երկու ու կես ամսվա ընթացքում: Նա տխուր գույներով նկարագրեց գյուղական ամբոխի տնտեսական և բարոյական վիճակը. Նա առանձին եռանդով շեշտեց ուսումնարանների բացակայության և նրանց անհրաժեշտ կարևորության փաստը։ Նա խոսեց Հաբիգյանի մասին: Մսերյանը ճանաչում էր նրան Մոսկվայից, բայց լավ չէր հիշում։ Դիմաքսյանը գովեց նրան, ինչպես եռանդուն, խելացի երիտասարդի, որի գործնական հայացքները չեն խանգարում նրան լինել վերին աստիճանի օգտավետ անգամ յուր հասարակության։ Նա ասաց, թե Մսերյանը, եթե լավ ճանաչի այդ մարդուն, անշուշտ պետք է սիրի, հարգի և մինչ անգամ մտերմանա նրա հետ։

— Ես այս բոլորը ասում եմ քեզ նրա համար, որովհետև ես ունեմ մի ծրագիր, որ դուք երկուսդ միասին պիտի իրագործեք։ Այո՛, թող քեզ չզարմացնեն իմ խոսքերը։ Լսի՛ր։ Բոլոր իմ աչքով տեսածները ինձ համոզեցին, որ մեզ համար հանցանք է մեր կարողության չափ չօգնել գյուղական ժողովրդին։ Եվ ահա երկար ժամանակ Հաբիգյանի հետ խորհրդակցելով, եկա այն եզրակացության, որ իմ կողմից միակ օգնությունը կարող է լինել այն, որ ես իմ հաշվով մի ուսումնարան բաց անեմ։ Հաբիգյանը ցույց տվեց ինձ մի ամենահարմար կենտրոնական գյուղ։ Այստեղ կարող են հավաքվել մի քանի շրջակա գյուղերի երեխաները։ Այս մասին ես հարկավոր կարգադրություններն արել եմ, ուսումնարան բանալու բոլոր արգելքները հեռացված են։ Բանը այժմ կախված է քեզանից։

— Ինձանի՞ց։

— Այո՛։ Ես հատկապես եկա այստեղ քեզ առաջարկելու, որ հանձն առնես ուսումնարանը կառավարել։ Բոլոր տնտեսական գործերը կկատարի Հաբիգյանը, ես միայն ուզում եմ, որ դու լինես ուսումնական մասի կառավարիչը,