Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինես գործի գլուխ, տեսուչ… Ասա՛, համակրո՞ւմ ես իմ վճռին։

Արտասանելով վերջին խոսքերը, Դիմաքսյանը ուղիղ նայեց Մսերյանի աչքերին, որ նախ նրանց մեջ կարդա յուր ընկերոջ համաձայնությունը կամ մերժումը։ Իդեալիստը երեսը դարձրեց մի կողմ և լուռ նայեց լամպայի հանդարտ և անշարժ վառվող բոցային լեզվակին, կարծես, նրա հետ խորհրդակցելով, ընդունե՞լ արդյոք Դիմաքսյանի առաջարկությունը։ Այդ տևեց ընդամենը մի քանի վայրկյան. հանկարծ նրա աչքերը վառվեցին, նա ոգևորվեց և զգացված արտասանեց.

— Ես ամենաանպիտան մարդը կլինեի, եթե չընդունեի այդ առաջարկությունը։ Ոչ միայն համաձայն եմ, այլև հայտնում եմ խորին շնորհակալությունս, որ մի այդպիսի ծանր և լուրջ գործ ինձ ես հանձնում։

— Ուրեմն վճռված է, գործը չպիտի հետաձգել։ Թափիր քեզանից անշարժության փոշին, թող այդ միատեսակ կյանքը, սկսիր գործել։ Հիշո՞ւմ ես, ինչպես դու մի ժամանակ փափագում էիր ծառայել գյուղական ամբոխին։ Ահա քեզ հարմար առիթ և գեղեցիկ ասպարեզ, օգտվիր, եթե քո փափագն այժմ էլ կենդանի է։ Ես այստեղ մնալու եմ միայն վաղը, մյուս օրը անպատճառ պիտի գնամ, դու էլ պատրաստվիր իմ հայրենիքը ուղևորվելու։ Այնտեղ քեզ անհամբեր սպասում է Հաբիգյանը։

— Միայն ի՞նձ է սպասում, իսկ քե՞զ, դո՞ւ…

— Ե՞ս…— պատասխանեց Դիմաքսյանը մի քիչ տատանվելով… Ես էլ պետք է գնամ իմ ճանապարհով…

— Ինձ հետ միասի՞ն…

— Այո՛, գաղափարով, բայց ոչ միևնույն ճանապարհով։

Մսերյանը երկմտաբար նայեց նրա աչքերի մեջ, չհասկանալով նրա խոսքերի միտքը։

— Լսի՛ր,— խոսեց Դիմաքսյանը, դարձյալ մի փոքր լռելուց հետո,— երբ ես հայրենիքումն էի, իմ գլխում ծագեց՝ թողնել քաղաքային կյանքը և գնալ այն ճանապարհով, ուր այժմ առաջարկում եմ քեզ։ Այս միտքը ինձ բավական