Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կարողացա հաղթել իմ մեջ մի սպանիչ զգացում: Այժմ ես վերակենդանացած եմ։ Գայանեի պատկերը իմ երևակայության մեջ մինչև կյանքիս վերջը կմնա կենդանի, վառ և, ինչպես մի իդեալ, ես միշտ կպաշտեմ այդ պատկերը։ Բայց, ինչպես իրական էություն, ինչպես անհատ — նա այլևս գոյության չունե ինձ համար…

Այլևս նա ոչինչ չասաց, և Մսերյանն էլ այդ մասին չխոսեց ոչինչ։


Առավոտյան յոթ ժամը դեռ չէր լրացել, Դիմաքսյանն արդեն ոտքի վրա էր: Հյուրանոցի սպասավորի օգնությամբ նա կապում էր յուր ճանապարհի արկղները, երգելով, շվացնելով և երբեմն ծառայի հետ զվարճախոսելով։

Մի ժամ անցած նա պետք է ճանապարհ ընկներ առավոտյան գնացքով դեպի Բաթում, իսկ այնտեղից արտասահման։ Նա սպասում էր Մսերյանին, որ պետք է գար նրան ուղեկցելու մինչև երկաթուղու կայարանը։ Նախընթաց երեկո ընկերական ուրախ ընթրիքի ժամանակ նրանք վճռել էին այսպես. Դիմաքսյանն առավոտյան ճանապարհ կընկնի, Մսերյանը հենց նույն օրը հրաժարական կտա յուր պաշտոնից և երկու օր անցած կուղևորվի Դիմաքսյանի հայրենիքը: Նախ քան ուղևորվելը նա պետք է գնար յուր ընկերոջ նախկին բնակարանը և այնտեղից վերցներ Սիրականին պահ տրված գրքերը, և մի քանի իրեղենները։

Ուղևորվելու ժամանակը մոտենում էր, իսկ Մսերյանը դեռ չէր երևում: Վերջացնելով յուր գործը, Դիմաքսյանը շտապով մի բաժակ թեյ խմեց, նայեց ժամացույցին և սպասավորին հրամայեց մի կառք կանչել: Մսերյանի բնակարանը ճանապարհի վրա էր, նա կարող էր հանդիպել նրան և այնտեղ յուր վերջին բարևները տալ ընկերոջը։

Հեց սպասավորը նոր էր դուրս եկել, երբ ներս մտավ Մսերյանը շտապով և շնչասպառ։

— Ներողություն, որ ուշացա,— գոչեց նա զվարթ եղանակով,— բայց մեղավոր չեմ։ Հուզմունքից ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, շարունակ մտածում էի ու մտածում։