Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դավաճաներ։ Նա զգացված բռնեց Դիմաքսյանի ձեռը, ամուր սեղմեց և ոգևորությամբ գոչեց.

— Այո՛, այդ ճիշտ է, ես տեսնում եմ պարզ… Թույլ տուր շնորհավորեմ քեզ քո հաղթության համար…

— Հաղթությո՞ւն։

— Այո՛, կատարյալ հաղթություն, դու սպանել ես քո մեջ այն օձը, որ քեզ այնքան խանգարում է…

Արդարև, Դիմաքսյանը կարող էր պարծենալ, որ նրան հաջողվեց սպանել այն օձին: Բայց նրա մեջ ծնվեց մի ուրիշ օձ: Վստահությամբ կարող էր ասել, որ այսուհետև մարդկանց ոչ հալածանքը, ոչ վիրավորանքը, ոչ նախանձը, ոչ ատելությունը նրան չեն հուսահատեցնի: Նա քաջություն կունենա արհամարհել բոլոր հարվածները, որ կուղղվեն նրա անձնավորության դեմ։ Այն նոր օձը, որ այժմ զարթնել է նրա մեջ, նրա անհատական խորին եսը չէ, այլ ուրիշ բան: Այսուհետև էլ նա կվրդովվի, կգրգռվի, կբորբոքվի, բայց, վստահ է, ոչ անձնական վիրավորանքներից, այլ հասարակական կյանքի վատ երևույթներից…

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի զգացմունքով, հավատով և ոգևորությամբ, որ ամենաթերահավատ մարդուն կարող էր համոզել։

— Կեցցես, ուրեմն,— գոչեց դարձյալ Մսերյանը,— ես համոզված էի, որ այդպես էլ պիտի լինի վերջը։

Եվ, մի փոքր լռելուց հետո, ավելացրեց.

— Հիշո՞ւմ ես, ինչպես ես քեզ ասում էի, թե կգա ժամանակ, որ դու ամենաբախտավոր մարդը կլինես… Այժմ կարող եմ ասել, որ դու բախտավոր ես։

— Ա՜, ես գիտեմ, որ դու բախտավոր համարելով ինձ, չես մոռանում և իմ անհատական բախտը,— գոչեց Արսենը,— չէ՞ որ մարդ, իբրև հասարակության անդամ, իբրև գործիչ կարող է բախտավոր լինել, իսկ իբրև անհատ — դժբախտ։ Մի էակ, որ կարող էր իմ անհատական երջանկությունը ստեղծել, չկարողացավ կամ չկամեցավ այդ անել։ Դու գիտես այս բանը։ Հուսահատության վայրկյաններ եղան, երբ ես կամենում էի վերջ տալ իմ կյանքին այդ էակի պատճառով։ Բայց, շնորհակալ եմ ճակատագրից, այդ չեղավ,