տեղիք տվեց…»: Ե. Ղ.-ն մշտական, ըստ երևույթին Գր. Արծրունու ջերմ համակիրներից մեկն էր: Նա փորձում է անաչառ խոսել Շիրվանզադեի վաստակի մասին. նշում է նրա երկերի «որոշ. հաստատուն դիրքը» հայ գրականության մեջ, բայց ընկնում է ծայրահեղությունների, չափազանցությունների մեջ: Այսպես, օրինակ. համեմատելով «Արսեն Դիմաքսյան»-ը Գր. Արծրունու «Էվելինա»-յի հետ, նա գերապատվությունը տալիս է վերջինիս. «Եթե Արծրունու հերոսը գրավում, ոգևորում է ընթերցողին՝ պատճառն այն է, որ Արծրունին ինքն էլ գրավված, ոգևորված էր իր հերոսով» (էջ 4): «Արսեն Դիմաքսյան»-ի մեջ նա տեսնում է միայն կարիկատուրիստի տաղանդ, ընդհանրապես ժխտում է վեպը, իսկ Արսեն Դիմաքսյանին համարում մի «աննորմալ մարդ, մի Դոն Քիշոտ, որից խորշում են մարդիկ…»։
Շիրվանզադեի նոր վեպի պաշտպանությունը իր վրա է վերցնում «Տարազ»-ը, որը դեռ 1893 թ. № 39-44 տպագրել էր Ստ. Լիսիցյանի միանգամայն դրական հոդվածը վեպի մասին։ Լույս է տեսնում Ղ. Աղայանի «Մեծ մարդկանց մասին» հոդվածը (1894 թ., № 11, էջ 167-168), Ե. Ղ. «Քննական հայացք»-ի առիթով։ Ղ.Աղայանր գրում է. «Պետք չէ կարծել, թե մեծ մարդիկը լինում են միակողմանի ազնիվ, անարատ, սուրբ, լուսավոր, ո՛չ փառասեր, ո՛չ նախանձոտ, ո՛չ ամբարտավան, ո՛չ ինքնահավան ո՛չ ինքնապաշտ, ո՛չ»։ Նա խիստ բացասաբար է խոսում հայ կյանքում երևացող այն մարդկանց մասին, որոնք «ժողովրդի վրա մեծություն են ծախում…»: «Տարազ-»ում (1894 թ., № 5, էջ 262) լույս է տեսնում ֆելիետոն Արծրունու «Էվելինա»-ի մասին, որպես պատասխան՝ Ե. Ղ.-ի «Քննական հայացք»-ում տեղ գտած դրվատանքի:
Լույս են տեսնում մի քանի ուրիշ հողվածներ։ Ա. Դ.-ն «Քննական հայացք»֊ին նվիրված գրախոսականում («Տարազ», № 3, էջ 41-42) խոսում է Ե. Ղ.-ի ծայրահեղ միտումնավոր քննադատության մասին, նրան կնքում է «Փոքրիկ Հայկունի» անունով։ Ե. Պալյանը «Քննական ակնարկներ» հոդվածաշարում երկար կանգ է առնում «Արսեն Դիմաքսյան»-ի վրա։ Ա. Դ.-ն և Ե. Պալյանը անտես չառնելով վեպի թերությունները, գտնում են, որ Շիրվանզադեն իր հերոսին օժտում է զարգացող գծերով, ներքին դրամայով: «Շիրվանզադեն իր հերոսին օժտում է մի այնպիսի բարձր բարոյական ուժով, որի միջոցով, հերոսը վերջ ի վերջո սպանում է իր սրտում անհատական ես-ը և թողնում այն, ինչ որ ազնիվ է և վսեմ, ինչ որ պետք է ծառայի ուրիշների օգտին»,— գրում է Ա. Գ.-ն։
Հետաքրքրական է նաև Կ. Կուսիկյանի «Մեր իրականության տիպերը» ընդարձակ հոդվածը («Մուրճ», 1899 թ., №№ 7-9), ուր հանգամանորեն վեր է լուծված «Արսեն Դիմաքսյան» վեպը։ Նա բարձր է գնահատում վեպի հասարակական բովանդակությունն ու արժեքը, ռեալիզմը. «Շիրվանզադեն իր գրականական ուղղությամբ ռեալիստ է, նա նկարում է կյանքն ինչպես նա կա, դուրս է բերում անձերն ու բնավորությունները նրանց կենսական պայմաններից բխած հատկություններով, նա ոչ միայն կենդանագրում է իրողությունները, այլև հրավիրում է ձեզ դեպի անվհատ մրցում չարիքի