Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԱՐՍԵՆ ԴԻՄԱՔՍՅԱՆ»


Վեպը գրվել է 1891-92 թթ, երբ Շիրվանզադեն աշխատում էր Թիֆլիսի քաղաքային վարչությունում։ Տպագրվել է 1893 թ. «Մուրճ» ամսագրում (N 1-6)։ Վեպի ստեղծագործական պատմության մասին մեզ որոշ հետաքրքրական տեղեկություններ է թողել հեղինակը։ «Ծառայում էի Թիֆլիսի քաղաքային վարչության մեջ մի համեստ պաշտոնով։ Նոր սկսել էի գրել «Արսեն Դիմաքսյան»-ը։ Վեպը պատմվածք չէ, պահանջում է մտքի մեծ աշխատանք, այնինչ ժամանակիս լավագույն մասը տրված էի պաշտոնիս՝ առավոտյան ութից մինչև չորս ժամը երեկոյան։ Բայց չկա դրություն, որ ելք չունենա, գոնե ես շուտով գտա և շատ հասարակ միջոցով։ Բախտիս բերմամբ անմիջապես մեծավորս շատ բարի և շատ ծույլ մի մարդ էր, դեմքով զարմանալի նման Վիկտոր Հյոգոյին… Տեսնելով, որ նա մի առանձին ուշադրություն չի դարձնում ինձ վրա, որոշեցի օգտվել դրանից։ Սկսեցի ծառայությանս ժամերը կրճատել, թե գլխից և թե պոչից…» («Կյանքի բովից», Հ. 8, էջ 198, 1951 թ.)։

Շիրվանզադեն վեպն ավարտում է ութ ամսվա ընթացքում: «Մուրճ»-ում տպագրվելուց հետո, վեպն անմիջապես լույս է տեսնում առանձին գրքով։ Ուշագրավ են վեպի ստեղծագործական պատմության հետ կապված որոշ հարցեր, որոնց մասին խոսում է հեղինակը։

Ամենից առաջ Արսեն Դիմաքսյանի նախատիպի հարցն է, որ բավական հուզել է ժամանակակիցներին և գրքի շուրջը ստեղծել աղմուկ: «Արծրունու մահից հետո, երբ լույս տեսավ իմ «Արսեն Դիմաքսյան» վեպը, եղան մարդիկ, որ ասացին, թե ես Դիմաքսյանի տիպը նկարագրելիս Արծրունուն եմ աչքի առջև ունեցել։ Այս ենթադրության մեջ կա որոշ ճշմարտություն։ Ասում եմ որոշ և ոչ ամբողջական, վասնզի Դիմաքսյանի մեջ լուսաբանված են Արծրունու բնութագրի մի քանի գծերը, իսկ իր ամբողջությամբ, Դիմաքսյանը հավաքական տիպ է և ոչ մասնավոր անձնավորություն: («Կյանքի բովից», Հ. 8, էջ 154-155, 1951 թ.)։

«Արսեն Դիմաքսյան»-ր լույս տեսնելուց անմիջապես հետո, գրավեց մամուլի, մտավորական շրջանների ուշադրությունը, դարձավ վեճերի, խոսակցությունների, խոսքի ու զրույցի առարկա։ Ըստ երևույթին այդտեղ խոշոր դեր է խաղացել Գր. Արծրունու հարցը, բացի այդ և այն, որ հեղինակը անմիջապես շոշափել է ժամանակից հայ մտավորականության տարբեր հոսանքների կյանքն ու պայքարը, ստեղծել կենդանի բնավորություններ, որոնք իրենց տասնյակ նախատիպերն ունեին կյանքում։

1894 թ. լույս տեսավ Ե. Ղ. (գրական քննադատ Երվանդ Ղազարյան) «Քննական հայացք» 45 էջանոց գրքույկը, ութ խիստ բացառական գույներով ներկայացվում է Շիրվանզադեի նոր վեպը։ «Վերջին անգամներում,- գրում է նա,— պարբերական մամուլի մեջ ամենից շատ տեղ բռնեց պ. Շիրվանզադեի նոր վեպը՝ «Արսեն Դիմաքսյան» խորագրով: Ընթերցող հասարակության կողմից լավ ընդունելություն չգտավ այդ վեպը, թեև մի քանի առանձին պատճառներով՝ խոսակցության, նույնիսկ վիճաբանության