Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիրավորված էր և' Նատալիան, թեև պարզ չէր արտահայտում յուր սրտինը: Զգայուն և դյուրագրգիռ օրիորդը գեթ այնքան ինքնասեր էր, որ աշխատում էր թաքցնել յուր հոգեկան նվաստությունը: Բայց նախանձը կրծում էր նրա սիրտը, և ամեն անգամ յուր հակառակորդ համարածին հանդիպելիս, ակամա մի որևէ նշանով կամ դեմքի շարժումով մատնում էր իրան:

Մարիամը տեսնում էր այս խուլ թշնամական պայքարը յուր դեմ։ Եվ համբերում էր։ Ոչ մի խոսքով, ոչ մի նշանով նա չցույց տվեց յուր սրտի դառնությունը։ Ինչպես միշտ, նա հարգում էր տիկնոջը գեթ արտաքուստ, ինչպես միշտ, վարվում էր Նատալիայի հետ իբրև կրտսեր քույր։ Եվ չէր զգում, որ այսպիսով անգիտակցաբար արհամարհում է յուր հակառակորդի նախանձը, ուրեմն և ավելի գրգռում նրան, մանավանդ ընդունելով նրան իբրև իրանից մեծ։ Նա վեց տարով Նատալիայից փոքր էր. մի հասարակ տարբերություն, որի հետ վերջինը չէր ուզում հաշտվեր:

«Կարծես, բերանից կաթի հոտ է փչում,— ասում էր մտքում Նատալիան, իրան անչափահաս աղջիկ է ձևացնում։ Հարցնող չկա ո՞րն է մեզնից դեմքով ավելի երիտասարդ»։

Առավոտ էր։ Մարիամը սովորական ժամին զարթնած, շորերը հագնում էր։ Երկու օրիորդների ննջարանները թեև առանձին էին, բայց միմյանց կից։ Շորերը հագնելուց հետո, Մարիամը հանկարծ անզգուշաբար կպավ յուր անկողնակալի մոտ դրած փոքրիկ և թեթև սեղանին։ Սեղանը ընկավ բաց հատակի վրա և աղմուկ հանեց։

— Լիզա՛, Գաբո՛, չե՞ք թողնելու, որ մի քիչ քնեմ,— ձայն տվեց յուր սենյակից Նատալիան բարկացած։

Մարիամը մոտեցավ միջին դռներին և ժպտալով ասաց.

— Ես էի, Նատո, ների՛ր, Լիզան ու Գաբոն քնած են իրանց սենյակում։

Նատալիան արմունկը բարձին հենած, նայեց նրան արյունալի աչքերով։ Գրավիչ էր Մարիամը այդ վայրկյանին յուր տնային թեթև հագուստով, սակավ ինչ գունատ այտերով, ուսերի վրա սփռված կակուղ ալեծուփ մազերով: