Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հենց այդ սիրունությունը ավելի գրգռեց յուր հակառակորդին։

Նատալիան գոռաց, և գոռաց այնպես, ինչպես մի բարի տիրուհի երբեք չի գոռում յուր աղախնի վրա.

— Դուք միշտ այդպես եք, այ, ուրիշներին չեք թողնում քնելու, իսկ ինքներդ... Ախ, ատելի եք, գեղեցիկ օրիորդ, ատելի եք...

Եվ ատամները կրճտելով, գլուխն ավելի բարձրացրեց։ Կարծես, պատրաստ էր կատաղի կատվի պես վեր ցատկել և յուր սուր ճանկերով կպչել հակառակորդի կոկորդին։ Մարիամի այտերը և ականջների ծայրերը շառագունեցին ներքին հուզմունքից։ Նա երեսը հետ դարձրեց արհամարհանքով։

Նույն վայրկյանին Մարիամի սենյակին կից սենյակի սյամում երևեցան — նախ Գաբոյի, ապա Լիզայի զարմացած և երկյուղած դեմքերը։

— Շուտով դուք ինձ այս սենյակից կփախցնեք,— գոչեց Նատալիան, նկատելով Մարիամի արհամարհական ժպիտը,— կփախցնեք իմ հոր տնից։ Ես հանգստություն չունեմ այստեղ ձեր ձեռքից, գոռոզ օրիորդ...

Նրա ձայնին ներս եկավ աղախինը, հետո Սոփիոն։ Տեսարանը այլ կերպարանք ստացավ։ Հերթը տիկնոջն էր։

— Լավ կլիներ,— դարձավ նա Մարիամին, առանց նախապես գործի էությանը տեղեկանալու,— որ մի քիչ խոնարհ պահեիր քեզ այս տանը։ Ի՞նչ կա էլի լույսը չբացված կռիվ ես սարքել։

Մարիամի աչքերի մեջ փայլեց արտասուքը։ Նա դողդոջուն ձայնով արտասանեց.

— Կռիվ սարքողը ձեր աղջիկն է։

Նատալիան վերմակը մի կողմ շպրտեց և հերարձակ գլխով, կիսամերկ կրծքով նստեց անկողնի մեջ։

— Այդ ի՞նչ ասել է,— գոռաց նա խեղդուկ ձայնով,— դու համարձակվում ես ինձ մեղադրե՞լ...

Եվ այնպիսի մի ճիչ արձակեց կրծքից, որ, կարծես, մեկը հանկարծակի նրան հնոցի մեջ ձգեց։ Հետո նա երեսը