Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի վայրկյան տատանվեց— ներս մտնել թե՞ վերադառնալ։ Ծանոթ ձայնը կրկին հնչեց նրա ականջին։ Նա ուղղեց յուր հագուստը, կարգի բերեց գլխի մազերը, ձեռը սեղմեց ձախ կրծքին։ Այնտեղ, որսված ճնճղուկի պես, թրթռում էր նրա սիրտը։

Նա դռները բաց արավ և ներս մտավ։

Ռուբենը նստած էր բազկաթոռի վրա, արմունկը հենած գրասեղանին։ Նրա առաջ անցուդարձ էր անում նա, որի ձայնը այնքան հուզմունք պատճառեց Մարիամին։ Սեղանի վրա վառվող կանթեղը լուսավորում էր քսան ու յոթ, քսանութ տարեկան մի պնդակազմ միջահասակ երիտասարդի լայն ճակատը, թուխ երեսի բավական խոշոր գծերը, կարճ և ցանցառ միրուքը։ Ոսկե շրջանակով պենսնեն թույլ չէր տալիս որոշելու նրա աչքերի գույնը։ Նա հագած էր ժամանակակից ձևի կարճ, սև սյուրտուկ, մուգ-մոխրագույն վարտիկ և սրածայր կոշիկներ։

Տեսնելով Մարիամին, երիտասարդը արագորեն ձեռները դուրս բերեց գրպանից։ Ուրախության ժպիտը երևան հանեց նրա խոշոր, սպիտակ ատամների շարքերը։

— Հուսով եմ ներողամիտ կլինեք, որ այսպես անժամանակ եք տեսնում ինձ այստեղ,— ասաց երիտասարդը, մեջքից խոնարհ թեքվելով, և բռնելով օրիորդի աջը, ավելացրեց.— առո՞ղջ եք.

— Շնորհակալ եմ, ե՞րբ եք եկել,— հարցրեց Մարիամը, դարձյալ կարմրելով։

— Այսօր առավոտյան և շատ բարևներ եմ բերել ձեր մորաքրոջ կողմից, օրիորդ Մարգարտից, Արշակից և ամբողջ ընտանիքից։

— Նրանք դեռ Դիլիջանո՞ւմն են։

— Ոչ։ Երեկ միասին ուղևորվեցինք— նրանք Երևան, ես— Թիֆլիս։

— Ուրեմն...

— Այո,— ընդհատեց երիտասարդը, գուշակելով օրիորդի հարցը,— վճռեցի տեղափոխվել այստեղ և մշտական մնալ:

Մարիամը հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունր, լսելով երիտասարդի վերջին խոսքերը։