— Այս րոպեին,— շարունակեց երիտասարդը,— Ռուբենի հետ հենց այդ մասին էինք վիճում, երր դուք ներս մտաք։ Երևակայեցեք, օրիորդ, ձեր եղբոր կարծիքով, ես չափազանց սխալվում եմ, Թիֆլիսը գավառից գերադասելով: Նա ասում է, թե ես պիտի մնայի Երևանում…
Վերջին դարձվածը արտասանելիս երիտասարդը ակնոցի բաց-ծխագույն ապակիների միջով աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Եվ, կարծես, այդ սուր հայացքից խուսափելով, օրիորդը անցավ սենյակի կիսալուսավոր մի անկյունը, նստեց պատի տակ։ Այստեղ նրա այլայլվիլը մասամբ աննկատելի կարող էր մնալ Ռուբենից։
— Երբեք ես չեմ ափսոսել իմ կատարած գործերի մասին,— դարձավ երիտասարդը Ռուբենին,— հույս ունիմ, որ այս անգամ էլ չեմ ափսոսիլ։ Ինքդ դատի՛ր, Պետերբուրգից հետո գնալ և մի գյուղաքաղաքում ապրել— շատ և շատ անտանելի է։ Ես այդ զգացի ութ ամիս Երևանում մնալով: Անհնարին է այնտեղ ապրելը, կրթված մարդը կարող է բոլորովին խեղդվել լուսավոր օդի պակասությունից։
— Իսկ այստեղ դու կխեղդվես այդ օդի շատությունից,— շեշտեց Ռուբենը հեգնաբար,— նեխված, ապականված օդի…
— Ես չեմ հասկանում քո ասածը, — արտասանեց երիտասարդը և նույն վայրկյանին պենսնեն վերցնելով, երևան հանեց հաստոսկր կամարների տակ տեղավորված բաց-մեխակագույն, փոքրիկ, սակավ ինչ ցավագար, բայց սուր և խելացի աչքերը։
— Շատ պարզ է։ Դու իբրև բժիշկ, ստիպված կլինես մրցել անթիվ արհեստակիցներիդ հետ։ Մելիք-Բարսեղյանը — այսպես էր երիտասարդի ազգանունը — կես-ներողամտաբար և կես-հեգնաբար ծիծաղեց, հանդարտ ուղղելով յուր նոր շապկի փայլուն օձիքը։
— Տեսնո՞ւմ եք, օրիորդ,— ասաց նա Մարիամին, որ լուռ և հետաքրքրված լսում էր երկու երիտասարդների վիճաբանությունը,— ձեր եղբայրը ինձ ուզում է հուսահատեցնել։— Գիտես ի՜նչ,— դարձավ նա Ռուբենին,— մրցումից վախեցողը չպիտի համարձակվի կյանքի ասպարեզ մտնել։