Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես... երբեք այդ երկյուղը չեմ ունեցել։ Ի՞նչ մրցումն կարող է լինել իմ և իմ արհեստակիցներիս մեջ։ Գիտությա՞ն, թե՞ արհեստի։ Եթե գիտության, այդ շատ ցանկալի է և օգտավետ ինձ համար։ Եթե արհեստի, այն ժամանակ ես միայն մի զենք կունենամ — բարեխղճություն։

Մելիք-Բարսեղյանը դարձյալ նայեց Մարիամին, և նրա սուր աչքերը վերջինի դեմքի վրա կարդացին խորին հետաքրքրություն։ Խրախուսվելով օրիորդի լուռ հավանությունից, նա շարունակեց.

— Գուցե դու, իբրև ընկեր, վախենում ես, որ ես այստեղ չեմ կարող մի կտոր հաց վաստակել։ Բայց դու ինձ ճանաչում ես։ Մի մարդ, որ տասներկու տարի ապրել է ցուրտ և խոնավ սենյակներում, կես-կուշտ, կես-քաղցած ստամոքսով, մի մարդ, որ դառն հանգամանքների մեջ սեփական ուժերով ճանապարհ է բաց արել յուր համար, այն մարդը կարող է դիմանալ կյանքի հարվածներին։ Չքավորությունը, սիրելի Ռուբեն,— շարունակեց նա եռանդով,— խելոք վարպետ է, նրա շնորհիվ ես շատ վաղ եմ կարդացել կյանքի խրատական էջերը։ Այժմ, երբ ես ուղիղ և պարզ ճանապարհի վրա եմ, մի՞թե ամոթ չի լինիլ, որ փախչեմ մանր-մունր խոչընդոտներից։

Մի այնպիսի հաստատ ձայնով և որոշ եղանակով արտասանեց նա այս խոսքերը, որ դժվար էր կարծել, թե այդ լոկ մի պարծենկոտություն է։ Հետո նա նստեց սեղանի մոտ և, թույլտվություն խնդրելով Մարիամից, մի ծխախոտ վառեց։

— Քո բարոյական ուժը ինձ վաղուց է հայտնի,— խոսեց Ռուբենը ընկերական հարգանքով,— միշտ դու իմ աչքումս մյուս ընկերներիցս բարձր ես եղել քո տոկունության և համբերության շնորհիվ։ Էհ, ինչևիցե, դու քու գործը ավելի լավ գիտես, շնորհավորում եմ տեղափոխվելդ և ցանկանում եմ հաջողություն։ Երանի թե հանգամանքները մեզ չշեղեն կյանքի ուղիղ ճանապարհից։

— Համոզված եղիր, որ չեն շեղիլ,— գոչեց բժիշկ Մելիք-Բարսեղյանր խրոխտաբար։— Բայց այս խոսակցությունը միայն ինձ է վերաբերում,— ավելացրեց նա,— չպիտի եսական