Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնի, գրավ է դրել այս տունը։ Հալաբյանից մի գումար է վերցրել, այժմ աշխատում է մի խոշոր գումար էլ պոկել, ահա ինչու վերջին ժամանակ նրա հետ խիստ բարեկամացել է: Մինչև անգամ Նատալիայի օժիտի անունը կա, ինքը չկա։ Իսկ Նատալիան, իսկ նրա մայրը շարունակում են իրենց շռայլությունը։ Մի ինչ-որ կոմսուհու ծանոթության արժանանալու համար հարյուրներ են վճարում. երեք օր է անհամբեր սպասում են նրա այցելությանը, դեռ չեն արժանացել։ Այսօր ճաշին մայրը կպավ խեղճ մարդուն, թե հարկավոր է Նատալիայի համար երկու ձեռք նոր հագուստ պատրաստել։— Մեկը պիտի հագնի մի մեծ պարահանդեսին, որ եկող ամսի վերջին պիտի լինի, մյուսը մի հայկական երեկույթի համար, որի կարգադրիչն է լինելու ինքը Նատալիան։ Մայր և աղջիկ վճռել են պակասը լրացնել, մեր հորեղբոր տունը հիմնահատակ անել։ Մյուս կողմից քանդել են գործակատարները։ Այն շողոքորթ, հլու Գասպարը, որ տասը տարի ծառայել է, այժմ գրպանը լցրած թողել է ու փախել։ Նույնպես քիչ թե շատ կողոպտել են նրա ընկերները։ Այս բոլորից հետո մեզ համար ոչինչ չի մնում, և մենք չպիտի սպասենք մի բանի։ Լսիր, սիրելի Մարիամ, ես արդեն վճռել եմ իմ անելիքը։ Վաղվանից ես դասեր եմ տալիս դպրոցում, ամսական երեսունուհինգ ռուբլով։

Վերջին խոսքերը մի վայրկյան կոտրեցին Մարիամի սառնասրտությանը։ Նա ապշած և գունատված նայեց եղբոր երեսին։ Չքավորությունը ահռելի կերպարանքով ներկայացավ նրան։ Ի՞նչ, նրա եղբայրն այնքան տարի աշխատելուց հետո, պիտի գնա և մի ամենահետին գործակատարի, մի սպասավորի ռոճիկով ծառայի՞...

— Այդ... ո՛չ... անկարելի է... այդ չափազանցություն է, — գոչեց նա, հուզված ոտքի կանգնելով։ — Դեռ մի քանի ամիս սրանից առաջ մեր հորեղբայրը քեզ հրավիրում էր յուր գործերը կատարերել: Նա տասն անգամ ավելի էր խոստանում տալ։

— Այդ առաջարկությունը մի ծիծաղ էր իմ ուսման վրա։ Մեր հորեղբայրը գիտությանը նայում է յուր տեսակետից։ Նա ծաղրում էր, որ ավելի օգտավետը թողած, ես ընտրել եմ