մի մասնագիտություն, որ երբեք չի կարող ինձ հարստացնել։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե մի ժամանակակից երիտասարդ նյութականը կարող է զոհել գաղափարականին։ Բայց բավական է, քեզ այժմ հայտնի է մեր իսկական դրությունը, Մարո։ Գնա, ուրեմն, պատրաստվիր այս փարթամ տնից վաղը տեղափոխվելու մի անշուք բնակարան, որտեղ չգիտեմ, կկարողանա՞նք մի ծառա պահել, թե՞ չէ…
Այս ասելով, նա անմիջապես բաց արավ պատի տակ դրած ընկույզի պահարանը և սկսեց դուրս հանել յուր գրքերը։ Մարիամը նստեց սեղանի մոտ, գլուխը ձեռների վրա դրեց և սկսեց հանդարտ լաց լինել։
— Սիրելի, թանկագին քույր,— գոչեց եղբայրը, այլևս չկարողանալով զսպել իրան,— մի՛ լաց լինիլ, հավատացիր, որ մենք այսուհետև ավելի բախտավոր կլինենք… Հոգեկան խաղաղությունը բարձր համարի՛ր այս շքեղությունից։ Սիրտ առ, Մարո, երեխա չես, քանի եղբայրդ հետդ է, դու երբեք անբախտ չես լինիլ…
Եվ նա ներքին ալեկոծությունից դողդողացող ձեռներով քրոջ թանձրահեր գլուխը ջերմ սեղմեց յուր կրծքին։ Մարիամը լսեց նրա սիրող սրտի ուժգին բաբախումը, նայեց նրա գունատ երեսին, և մի տարօրինակ ցնցումն զգաց։
Հանկարծ նա զսպեց արցունքը, գլխով մի վճռական շարժումն արավ, ոտքի կանգնեց և բռնեց եղբոր բազուկը։
— Արա, ինչ ուզում ես,— խոսեց նա անհողդողդ ձայնով,— ես պատրաստ եմ հետևել քեզ։ Այսօրվա խայտառակությունից հետո, ես այս տանը մնալ չեմ կարող։ Ինձ նախատեցին, ինձ հայհոյեցին, ինչպես մի ստոր աղախնի։ Այդ գոռոզ տիկնոջ կծու խոսքերի մեջ ես լսեցի մեր անգին ծնողների անունը։ Գնանք, հեռանանք այս շքեղ դժոխքից։ Ութ տարի շարունակ ես այստեղ իմ սրտի դառնությունները ծածկել եմ կեղծ և ուրախ ժպիտներով։ Ես ծիծաղել եմ, երբ պետք է լաց լինեի, ուրախացել եմ, երբ պետք է տխրեի։ Այժմ իմ արտասուքս ուրախության արտասուք համարիր։ Այո՛, ես ուրախ եմ… Ես արդեն հափշտակվում եմ մեր նոր կյանքով,— շարունակեց նա ավելի եռանդագին,— ես կապրեմ աղքատ, ինչպես հազարավոր ինձանից լավ օրիորդներ ապրում են։