և անգիտակցաբար պաշտպանում բժշկի հայացքները։
Ռուբենը նկատեց այդ և զգաց, որ քույրը անտարբեր չէ դեպի Մելիք-Բարսեղյանը։ Սակայն նրա անփորձ աչքերը տակավին չէին թափանցում օրիորդի սրտի խորքը, ուր հետզհետե արմատ էր ձգում առաջին և վտանգավոր սիրո ծաղիկը։ Մի բան, որ Վասիլը արդեն զգում էր։ Ամեն անգամ, երբ երիտասարդ բժիշկը նայում էր Մարիամի այլայլվող երեսին, նրա խոշոր աչքերի խորության մեջ կարդում էր յուր թովիչ ազդեցությունը կուսական անարատ հոգու վրա։ Եվ զորավոր ուրախության նման մի բան թնդեցնում էր նրա սիրտը։ Դա փոխադարձ սիրո կամ համակրության ձայնը չէր, դա չքավորի հպարտության զգացումն էր, չքավորի, որ երկարամյա նյութական դաժան կյանքից հետո առաջին անգամ տեսնում էր հարստության քաղցր ժպիտը։
«Քառասուն հազա՞ր,— կրկնում էր երիտասարդը յուրովի,— այդ գումարով ինչե՜ր չի կարող անել ինձ նման մի խեղճ մարդ»։
Եվ նա սկսեց խրախուսել յուր անուշ հույսերին։ Նախ նա Մարիամին ցույց տվեց կեղծ անտարբերություն, իբրև թե չէր նկատում օրիորդի սերը։ Գիտեր, որ այդպիսով ավելի պիտի վառի օրիորդի սիրտը, ինչպես շատ անգամ սառն ջուրը ավելի սաստկացնում է կիզանուտ հեղուկի բորբոքված բոցը։ Իսկ երբ բավական վառեց այդ հուրը, փոխեց յուր հարաբերությունը — սկսեց շատ հեռավոր նշաններով ցույց տալ փոխադարձ սեր։ Այդ ժամանակ նա դիմեց խորհրդավոր հառաչանքների, մելամաղձոտ ժպիտների, տրտում հայացքների օգնության։
Մի անգամ նրանք, մի ծառի տակ նստած, խոսում էին: Ռուբենը բացակա էր։ Հասարակ բաներից խոսակցությունը փոխվեց մի այնպիսի նյութի վրա, որ որքան հրապուրիչ էր Մարիամի համար, նույնքան էլ երկյուղալի, որովհետև չգիտեր, թե ինչով կվերջանա։ Խոսում էին մի սիրային վեպի բովանդակության մասին, որ Մարիամը նոր էր կարդացել։ Օգտվելով րոպեի տրամադրությունից, Վասիլը խոսքը հետզհետե մասնավորեց, և այսպիսով նա կարողացավ արտասանել հետևյալ դարձվածը։