Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելով: Իսկ խոսվածքը, խրոխտ ձայնը, աչքերի սուր ու թափանցող նշույլը, որ փայլում էր ակնոցի ապակիների միջով, այս բոլորը ազդու էին այն օրիորդի համար, որ ճանաչում էր նախկին Մելիք-Բարսեղյանին։ Վասիլը մի ամսաչափ մնաց Թիֆլիսում։ Հաճախ նա հանդիպում էր Մարիամին, և հանդիպում էր միմիայն հասարակական տեղերում, որովհետև օրիորդը, հակառակ յուր ցանկության, մի անգամ էլ չհրավիրեց նրան Սադափյանների տուն, ուր ինքն իրան ևս հյուր էր համարում։

Ձմռան կիսին Մելիք-Բարսեղյանը գնաց յուր ծննդավայրը և գարնանը մի քանի օրով դարձյալ Թիֆլիս եկավ։ Այդ ժամանակ Ռուբենն արդեն վերադարձել էր Ռուսաստանից։ Բժիջկը խնդրեց իրան ծանոթացնել Սադափյանների ընտանիքի հետ. ծանոթացավ և սկսեց համարձակ այցելել այդ տունը, որի շքեղությունից առաջ վախենում էր։ Մայիսի վերջին Ռուբենը և Մարիամը իրանց մորաքրոջից հրավեր ստացան ամառը միասին անցկացնել Դիլիջանում։ Մելիք-Բարսեղյանը, որ բժշկություն էր անում Երևանում, ամառվա կեսին մի օր հանկարծ երևեցավ հիշյալ ամառանոցում, որ և շատ ուրախացրեց թե՛ Մարիամին և թե Ռուբենին։

Այդտեղ օրիորդը ավելի ազատ էր։ Նա հեռու էր Սադափյանների հսկող աչքերից, նա կարող էր յուր եղբոր ընկերոջ հետ ստեպ-ստեպ տեսնվել։ Եվ ամեն օր երեք հոգի դնում էին զբոսնելու շրջակա ծաղկավետ անտառներում։ Այս զբոսանքների ժամանակ Վասիլը և Ռուբենը հաճախ լուրջ վիճաբանություններ էին ունենում գիտության, արվեստների, բնության և երբեմն իրանց ժողովրդի դրության, մի խոսքով այն խնդիրների մասին, որ սովորաբար հետաքրքրում են նորավարտ երիտասարդներին։ Այս վիճաբանությունների ժամանակ Ռուբենը գրեթե միշտ ոգևորվում էր, տաքանում, այնինչ Մելիք-Բարսեղյանը Մարիամին հիացնում էր յուր սառն, անշեղ տրամաբանությամբ։ Եվ թվում էր օրիորդին, որ երիտասարդ բժիշկը ամեն բան գիտե, ամեն բան ուսումնասիրել է, ուստի այդ բանավոր պայքարների մեջ նա, իրավամբ թե ոչ, հաղթանակը Վասիլի կողմն էր գզում։

Երբեմն Մարիամը միջամտում էր նրանց վիճաբանությանը