Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասկանալի է ուրեմն, թե ինչու բժիշկը այնքան հետաքրքրվեց, լսելով Ռուբենի անորոշ խոսքերը յուր և քրոջ դրության մասին։ Երկար ժամանակ նա չէր կարողանում հանդարտվել, վերադառնալով այն հյուրանոցն, ուր իջևանել էր։

«Զառանցո՞ւմ էր, թե կատակ էր անում, մտածում էր նա, ձեռները գրպանում դրած, անցուդարձելով հյուրանոցի փոքրիկ սենյակում։ Բնակարանը փոխում է. եթե ճշմարիտ է, հուսով եմ, որ այդ բնակարանը Սադափյանների տան շքեղությանը պատվաբեր կլինի։ Նա հիշեց չքավորության ատելի, զազրելի անունը… Անփորձ երեխա, կարծում է, որ կարող է ինձ նման դիմանալ… Երբեք, երբեք, և ոչ ես ուժ ունիմ այսուհետև դիմանալ չքավորությանը…»:

Մյուս օրը, առավոտյան վաղ զարթնելով, նա սկսեց խորհել յուր անելիքի մասին։ Նա եկել է Թիֆլիսում մշտապես հաստատվելու, ուրեմն պետք է շտապել գործերը վաղօրոք կարգավորել։ Նախ և առաջ հարկավոր է բնակարան վարձել, խոմ հյուրանոցում չի կարող երկար բնակվել։ Պետք է բնակարանը օրինավոր կահավորել, որ հիվանդը կամ հիվանդի համար հրավիրողը տեսնելիս՝ մի քիչ պատկառի։ Հետո պետք է տեղական բոլոր լրագրներում հայտարարություն տպել, թե «բժիշկ, ոչ, ոչ, բժշկապետ Մելիք֊Բարսեղյանը հիվանդներին ընդունում է այսինչ տեղ, այսինչ ժամերին…»։ Ուրեմն բնակարանը պիտի լինի քաղաքի ամենահայտնի փողոցներից մինում, որ լրագրների էջերում ևս նշանակություն ունենա։ Այնուհետև պետք է ծանոթներ ձեռք բերել, հանդեսներ այցելել, լավ-լավ ընտանիքներին մոտենալ և այլն և այլն։

Այս բոլորի համար փող է հարկավոր։ Նա շոշափեց յուր փողամանը։ Այնտեղ դարսած էին մի քանի հարյուրանոցներ, որ խնայել էր յուր ութամսյա սուղ «պրակտիկայից» Երևանում։ Այս գումարը բավական է առաջին ծախսերի համար։ Իսկ հետո… պետք է աշխատել ու աշխատել…

Նա մտաբերեց Ռուբենի նախընթաց երեկո ասածը տեղական բժիշկների մրցման մասին, և այս անգամ ընկերոջ