Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախազգուշությունը մի քիչ մտածություն պատճառեց նրան։ Բայց ոչինչ... չպիտի մազու չափ հուսահատվել, գլխավորն այս է՝ չհուսահատվել, մանավանդ Մարիամի մոտ։ Սառնասրտությունը մարդու զորեղ աջակիցներից մեկն է, վհատությունը թուլասիրտների հատկանիշն է։

Այսպես մտածելով, բժիշկ Մելիք-Բարսեղյանը, տասն ու մեկ ժամը լրացած, դուրս եկավ հյուրանոցից, ընտրեց փողոցում մի նորագույն կառք, վարձեց և գնաց այցելելու յուր հին ու նոր ծանոթներին և ընկերներին, որոնց ցուցակը վաղօրոք կազմել էր։ Երեք ժամ անցած նա վերադարձավ և սկսեց ամփոփել յուր զանազան հակասական տպավորությունները։ Մեկին տանը չէր տեսել, այցետոմս էր թողել, մյուսին հանդիպել էր փողոցում (հակառակ յուր ցանկության), մի քանիսը շատ մեծ սիրով էին ընդունել և այլն։ Նա ամենին հայտնեց, թե եկել է Թիֆլիսում հաստատվելու, թեև Երևանում գործերը չափից դուրս հաջող էին։ Փորձի համար նա մեկին ասաց, թե Պետերբուրգից հրավեր է ստացել համալսարանում մանկաբարձության դասեր կարդալու։ Այդ մեկը հավատաց, և բժիշկը նույնը կրկնեց ամենի մոտ։

Նա յուր այցերի միջոցին կարողացավ և՛ մի բնակարան վարձել...

Նոր միայն բժիշկ Մելիք-Բարսեղյանը ճաշելուց հետո պառկել էր մի քիչ հանգստանալու, երբ եկավ Ռուբենը։

— Վերջապե՛ս— գոչեց բժիշկը և, ոտքի կանգնելով, ընկերաբար թոթվեց նրա ձեռքը։— Նստի՛ր։

— Նստելու կամք չունեմ,— պատասխանեց Ռուբենը մի այնպիսի զվարթ ձայնով, որ միանգամայն չէր համապատասխանում նախընթաց օրվա նրա հոգեկան տրամադրությանը։ — Եկել եմ խոստումս կատարելու համար, գնա՛նք, շնորհավորիր մեր բնակարանը։ ՛

— Ի՞նչ, դու ուրեմն երեկ կատակ չէի՞ր անում...

— Իմ ասելու ձևից պետք է հասկանայիր արդեն, որ կատակ չեմ անում։

— Ռուբեն...— արտասանեց բժիշկը շվարած...— այդ տեսակ բաներին հեշտ չի կարելի հավատալ... Դու հարուստ էիր և աղքատացա՞ր։