Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վասի՜լ,— գոչեց Ռուբենը, ընդհատելով ընկերոջ խոսքը,— այդ դո՞ւ ես խոսում, ես քեզանից այդ չէի սպասում։ Ոչ, ես կարծում էի, որ դու կգովես իմ արած քայլը, կխրախուսես ինձ։ Իսկ դու, կարծես, հանդիմանում ես ինձ, թե ինչու չքավորությունը գերադասել եմ ձրիակերությունից և ուրիշների միջոցով ձեռք բերած կարիերայից…

— Չքավորությո՞ւն,— կրկնեց բժիշկ Մելիք-Բարսեղյանը, թեթև ժպտալով և շրթունքը սեղմելով,— ինչո՞ւ, եղբայր, ինչո՞ւ չքավոր ապրել, եթե որևէ հնար կա ավելի լավ ապրելու։ Էէէ, Ռուբեն,— ավելացրեց նա, հառաչելով և գլուխը երերալով,— մի' ոգևորվիլ, վատ բան է չքավորությունը, լինի նա մշտական, թե առժամանակյա, օօ, ես գիտեմ ի՞նչ ասել է չքավորություն։ Իսկ ով ճանաչում է մարդուս այդ կոպիտ թշնամուն, նա հոգով պիտի ատի, ինչպես ես այժմ ատում եմ և սարսափում, երբ մտաբերում եմ տասներկու տարի կրած նեղություններս։ Ոչ, ոչ, հեռու փախիր նրանից։ Եթե ես երբեմն պարծենում եմ իմ անցյալով, այդ չի նշանակում, թե այժմ կկամենայի կրկին ընկնել այդ չարասիրտ պառավի ճանկերը։ Հավատացիր, ոչ մի բան այնքան վտանգավոր չի անհատի բարոյականության համար, որքան չքավորություն ասած բանը…

Մի թույլ ճիչ ընդհատեց բժշկի խոսքը։ Նա և Ռուբենը բնազդումով միաժամանակ նայեցին դեպի այն կողմ, ուր մինչև ույդ վայրկյան անխոս նստած էր Մարիամը, և տեսան հետևյալը։ Օրիորդը կանգնած էր պատի տակ, մի ձեռը հենած աթոռի մեջքին, մյուս ձեռը կրծքին սեղմած և ճիգ էր անում, կարծես, ուշը վրեն պահելու։ Նրա երեսի գունատությունը, հեզուկ գլխի երերվելը և կրծքի ուժգին բաբախելը վախեցրին Ռուբենին։ Շվարած երիտասարդը շտապով մոտեցավ քրոջը, գոչելով.

— Մարիա՜մ, ի՞նչ պատահեց։

— Ընդհատի՛ր այդ խոսակցությունը, ընդհատի՛ր, խնդրում եմ,— ասաց Մարիամը շնչարգել ձայնով և այնպես ցածր, որ միայն եղբայրը լսեց…

Եվ թուլացած նստեց աթոռի վրա։

— Ներեցեք,— ձայն տվեց բժիշկը ոտքի կանգնելով,—