ձեր դեմքը ինձ... Չլինի թե հիվանդ եք,— ավելացրեց նա, յուր արհեստը իսկույն գործադրելու պատրաստակամությամբ։
— Ես.,, ոչ, ոչ, հիվանդ չեմ...
— Բայց ձեր երեսին գույն չկա, դուք հիվանդ եք,— գոչեց բժիշկը և յուր արհեստին հատուկ սառնությամբ բռնեց օրիորդի բազուկը։
Կարծես, նրա ձեռի շփումից օրիորդը մի առանձին կենդանություն ստացավ։ Նա ուղղեց իրան, ցնցողաբար դողացող ձեռով շփեց ճակատը և մի տարօրինակ հայացք նետեց բժշկի երեսին։ — Մի հայացք, ուր Մելիք-Բարսեղյանի նման սուր դիտողություն ունեցողը չէր կարող չնկատել մի խորին հանդիմանություն։
— Ես կարծում եմ, որ դուք այսօր չափից դուրս շատ հոգնել եք,— ասաց բժիշկը, այդ հայացքից շփոթված, բաց թողնելով Մարիամի բազուկը,— առանց այլ և այլի ձեզ հարկավոր է հանգստություն, անպայման հանգստություն։
— Ճշմարիտ է, Մարիամ,— խոսեց Ռուբենր,— մինչև այժմ բան ես արել և ժամանակ էլ չես ունեցել կարգին ճաշելու:
— Բարեհաճեցեք, ուրեմն,— հարեց Մելիք-Բարսեղյանը, աշխատելով անհողդողդ և խրախուսական ձայնով խոսել,— բարեհաճեցեք բժշկի պատվերը լսել և այսօր էլ ոչ մի գործի ձեռք չտալ։ Դուք այդ տեսակ տնային ծանր աշխատանքին սովոր չեք, ահա ինչիցն է առաջացել ձեր թուլությունը։
— Այո, սովոր չեմ,— պատասխանեց Մարիամը, փոքր առ փոքր վերադարձնելով յուր սառնությունը,— բայց կսովորեմ։ Առայժմ ներեցեք ինձ... պարոն Մելիք-Բարսեղյան... ձեզ անհանգստություն պատճաոեցի... Ես առողջ եմ, ես ոչինչ թուլություն չեմ զգում։
Եվ նա փորձեց ուրախ ժպտալ։ Բայց այս բռնազբոսիկ ժպիտը նմանեց մութ ամպերի տակից մի վայրկյան փայլող արևի անցողիկ շողքերին, որից հետո կրկին մռայլվեց օրիորդի պայծառ ճակատը։ Բժիշկը դարձյալ նրան համոզել սկսեց, որ պետք է յուր անսովոր ուժերի հետ խնամքով վարվի։