Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց այս անգամ նա յուր գովասանքը չարտասանեց, մի քանի վայրկյան լսեց երգչին, ապա քայլերը ուղղեց դահլիճի խորքը, մի փոքրիկ սանդուղքով բարձրացավ վերև, դեպի աջ։

Այստեղ թղթասերները, չորս-չորս հոգի նստած կանաչ սեղանների շուրջը, խաղում էին, խորասուզված իրանց զբաղմունքի մեջ, ինչպես օրվա առևտուրը երեկոյան համարակալի վրա գումարող վաճառականներ։ Շատերը նրանցից լուռ էին, չէին նայում իրարու երեսին։ Երբեմն միայն հատ-հատ անհասկանալի բառեր էին արտասանում և, քաղցած գայլերի նման, խոժոռ հայացքներ ձգում մեկմեկու ձեռների վրա։ Կարծես, այդ մարդիկ անհաշտ թշնամիներ էին, չար ճակատագրի կամքով ասպարեզ էին դուրս եկել իրարուց վրեժ առնելու։ Գրեթե ամեն մի սեղանի մոտ կանգնած կամ նստած էին հետաքրքիր չեզոքներ, մարդիկ, որ միշտ սիրում են ուրիշների բախտի ընթացքին հետևել, գուցե սեփականը չունենալու պատճառով։

Հալաբյանը մոտեցավ այդ սեղաններից մեկին, աջ ձեոը դրեց չորս խաղացողներից մեկի ուսին, ձախը դրեց մյուսի ուսին։ Առաջինը հաստ ու սևամորթ պարանոցով, ճարպալի աչքերով, կոշտ շրթունքով, սև աչքունքով, ցցված փորով երեսուն ու հինգամյա զվարճասեր Ախշարամյանն էր։ Երկրորդը իշխանատոհմ Սրափիոն Սահարունին էր — ժողովարանի ուղն ու ծուծը կազմող վերակացուներից մեկը։ Մի մաքուր հագնված ջենտլմեն, կարճ միրուքով ու մազերով, կարմրադեմ, աչքերի տակի կաշին կուչկուչված։ Քինթը արծվանման, շրթունքը ջրալի, վարդագույն, ավելի գեր քան նիհար, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, որի դեմքի վրա վաղուց շռայլ, անկանոն կյանքը դրոշմել էր յուր անջնջելի հետքը։

— Ուշացե՛լ ես,— ասաց իշխանատոհմ Սահարանին յուր խուլ, խզված ձայնով,— վեր կենա՞մ։

— Այսօր խաղալու ցանկություն չունիմ,— պատասխանեց Հալաբյանը և ձեոները վերցրեց բարեկամների ուսերից։

— Մոսիո Վախվախյա՜ն,— դարձավ նա հանկարծ իշխանի կողքին կանգնած մի մարդու, որ չէր մասնակցում թրղթախաղին։

Մոսիո Վախվախյանը, որ քառասուն տարեկան մի տղամարդ