էր, մաքուր սափրած երեսով, լիք-լիք թշերով, արդեն գդակր վերցրած սպասում էր Հալաբյանի ուշադրությանը, կես-բարեկամական և կես-շողոքորթ մի ժպիտ երեսին։
— Ի՞նչպես է պարոնիս ամենաթանկագին առողջությունը,— մեջքից խոնարհ թեքվելով, կրկնեց նա միևնույն հարցը մի քանի տարբեր խոսքերով և, բավարար պատասխան ստանալով, շարունակեց։— Շատ ուրախ եմ, հիմա նորին պայծառափայլությունը ձեր մասին էր հարցնում, ասացի, երևի, կգա։
— Ինչո՞ւ տխուր ես,— հարցրեց Ախշարումյանը, նայելով Հալաբյանի երեսին։
— Ես... տխուր չեմ...— պատասխանեց Հալաբյանը, տատանվելով,— մոսիո Վախվախյան, գնանք այգի։
Մոսիո Վախվախյանը, ուրախ-ուրախ հետևեց նրան և դուրս եկավ ճեմելիի վրա։ Նա, անդադար պտույտ անելով Հալաբյանի շուրջը, մերթ անցնում էր աջ, մերթ ձախ կողմ, ինչպես հարմար էր վերջինին։
— Այն էլ լսած կլինեք, որ Ամբակումովը մեռել է ու ազգին երկու քսան Թուման, երկու շահի ու վեց կոպեկ է թողել,— խոսեց մոսիո Վախվախյանը, Հալաբյանին զվարճացնելու նպատակով,— կտակել է, որ այդ փողով երեք ուսումնարան բաց անեն ու տասներկու ստիպենդիանտ պահեն ազգի պայծառության համար։
Եվ նա մի քայլ առաջ գնալով, երեսը մի կողմ դարձրեց, քնթի տակ ծաղրեց ու հայհոյեց հանգուցյալին։
— Հին հեքիաթ ես ասում, մոսիո Վախվախյան,—ասաց Հալաբյանը,—ես քեզ ասել եմ, որ միշտ նոր-նոր լուրեր պատմես ինձ։
— Այ նոր լուր, ըհը՛մ, ա՛յն կողմ մտիկ արեք
Եվ այս ասելով, մոսիո Վախվախյանը ցույց տվեց մի գեղեցկադեմ շիկահեր կնոջ, որ մի տգեղ կնոջ թևից բռնած գալիս էր դեմուդեմ։
— Այդ էլ թող,— նկատեց Հալաբյանը, ուշադրություն չդարձնելով գեղեցկադեմ կնոջ վրա։ — Եթե կարող ես, զվարճացրու ինձ, մոսիո Վախվախյան, ես տխուր եմ։
— Տխո՞ւր,— կրկնեց մոսիո Վախվախյանը զարմացած,— դուք որ տխուր եք, ե՞ս պիտի ուրախ լինհմ։ Այ,