Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նատալիայի սենյակում։ Օրիորդը հայելու առաջ զուգվում էր։ Նա պատրաստվում էր մոր հետ անվանի կոմսուհու մոտը գնալու։ Այս այցելության գլխավոր նպատակն էր՝ հասկացնել կոմսուհուն, որ նա գեթ մի ժամով պատվե «Նատալիայի բալը»։— Մի միտք, որ տվել էր նրան իշխան Սահարունին։

— Երևակայում եմ,— շարունակեց խոսել Նատալիան, վերջին գնդասեղը ամրացնելով կրծքի մետաքսյա ապարոշին,— երևակայում եմ, ինչպես օրիորդ Ամքարովան պիտի նախանձի, եթե կոմսուհին գա իմ բալը։ Անցյալ տարի,— ավելացրեց նա ծաղրաբար,— նրա հանդիսականների մեծ մասը հոր պրիկաշչիկներն էին, հա՛ հա՛ հա՛։

Եվ նա, երեսը շուռ տալով, սկսեց հայելու մեջ զննել յուր բարակ մեջքը և բարձր տյուրնյուրը, որ ժամանակի մոդայի վերջին պահանջն էր։

— Ինչ էլ որ անես, աղջիկս, — ասաց մայրը, ուղղելով յուր դստեր հագուստի փեշերը,— այն երեկո պետք է աշխատես Հալաբյանին մոտդ պահել։ Որքան մտածում եմ, հայերի մեջ նրանից օրինավոր մարդ չեմ գտնում։ Վախենում եմ, որ երեսը լպստածը այն երեկո այնտեղ լինի ու էլի նրան յուր կողմը քաշի։

Նատալիան հասկացավ մոր խոսքը ում մասին էր։ Այժմ տիկին Սոփիոն Մարիամի անունը ուրիշ կերպ չէր հիշում, եթե ոչ «երեսը լպստածը»։

— Հա, լավ միտս բերիր,— գոչեց Նատալիան,— դու նրա բրասլետն ու կոլիեն ուղարկեցի՞ր։

— Ոնց չէ, ոնց չէ,— արտասանեց Սոփիոն թունալի հեգնությամբ,— հենց այս րոպե, հա՛ հա՛ հա՛, բրասլետն ու կոլիեն։ Այն մի քանի ձեռք հագուստն էլ որ տարել է, շատ-շատ է նրա համար...

— Չէ, մամա, լավ չես անում, ուղարկիր, թող չասեն, որ մենք իրենց զրկում ենք, առանց այն էլ չար լեզուները բամբասում են մեզ վրա։

— Քո գործը չէ,— ընդհատեց մայրը վճռական եղանակով,— դու ինձ մի բան ասա, ճշմարի՞տ է, որ այն բժիշկը, ի՞նչպես է անունը...