Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տար այս նամակը ,— հրամայեց նա սպասավորին,— տուր Հալաբյանին։ Եթե տանը չլինի, գտիր, որտեղ որ է։ Կա՛ց, տիրուհիդ տա՞նն է։

— Ոչ, օրիորդի հետ կառքով գնացին։

— Լավ, գնա՛։

«Իշխանի աղջիկ է, սեփական կառքով, ծառային առաջը նստացրած «վիզիտներ» է անում գրաֆինյաներին։ Ա՜խ, Սոփիո, Սոփիո, ափսո՜ս… հիմա եմ իմանում, թե դու ով ես… դու քո աղջկա հետ քանդեցիր ինձ. դո՛ւ փչացրիր իմ հարստությունս»…

Եվ նա, ատամները կատաղի կրճտելով, բռունցքը այնպես խփեց սեղանին, որ ծայրին դրած հաշվեմատյանները թափվեցին հատակի վրա։

Նույն պահին Հալաբյանը յուր տանն էր մոսիո Վախվախյանի հետ։ Այդ օրը նրա ծննդյան քառասուներեքամյա տարեդարձն էր։ Մի օր, որ նա սովորաբար տոնում էր յուր ընկերների հետ քաղաքի առաջնակարգ հյուրանոցներից մեկում։

Տանը նա խնջույքներ սարքել չէր սիրում և հարմարություն էլ չուներ։ Առհասարակ նա բարվոք էր համարում դրսում եռապատիկ ծախսել, քան սեփական խոհանոց պահել և ամեն առավոտ խոհարարի հետ նիստ կազմել օրվա ուտելիքի մասին, ինչպես անում էին նրա ծանոթ ամուրիներից շատերը։

Սակայն, վերջին անգամ Սադափյանների մոտ ճաշելուց հետո, հանկարծ նա կամեցավ կերպարանափոխել յուր տնային կյանքը։ Նա կանչեց մոսիո Վախվախյանին, պատվիրեց մի հմուտ խոհարար և մի արագաշարժ սպասավոր վարձել, վերանորոգել տան կահ-կարասին, մաքրել, զարդարել:

Ինչ ասել կուզի, մոսիոյի համար ավելի հաճելի զբաղմունք չէր կարող լինել։ Եվ նա մենակյաց ամուրիի մռայլ կացարանում մի այնպիսի շարժում բարձրացրեց, որ Թաթոսը մնաց ապշած։ Խեղճ ծառան մի անասելի տրտմության մեջ ընկավ, երբ յուր աղայի տանը տեսավ, բացի իրանից, ուրիշ ծառաներ։