Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ի՞նչ հարկավոր էր պովարը, լակեյը, ես չէ՞ի կարող ամեն բան անել,— տրտնջում էր նա անդադար։

Տասն օր շարունակ Հալաբյանը զբաղված էր տնային վերանորոգություններով։ Հաճելի էր նրան տեսնել յուր տան մեջ այդ անսովոր կենդանությունը։ Ցերեկը նա, մոսիո Վախվախյանի օգնությամբ, կարգադրություններ էր անում, հրամայում էր, բարկանում էր։ Երեկոյան փակվում էր առանձնասենյակում, կարգի էր բերում յուր հին ու նոր հաշիվները։

Նա ուներ մի քանի անշարժ կալվածներ, սրան ու նրան մուրհակով տված փողեր։ Ո՞վ ինչ է պարտ, ո՞ր խանութպանը վարձը ժամանակին չէ տվել, որի՞ հետ պետք է նոր պայմանագրություն կապել և այլն և այլն, այս բոլոր գործերը զբաղեցնում էին նրան ամբողջ երեկոները։

Այլևս նա ժողովարան չէր գնում։ Ընկերները փողոցում տեսնելիս նրան հանդիմանում էին։

«Տկար եմ, գործ ունեմ»,— ահա այն անորոշ խոսքերը, որոնցով նա արդարացնում էր իրան։

— Բայց մեզանից խոմ չե՞ս կարող փախչել,— ասաց մի օր Ախշարումյանը, յուր հսկայական ձեռը դնելով նրա ուսի վրա։

— Ո՞ւր պիտի փախչի,— հարցրեց իշխան Սահարունին,— շուտով էլի ծննդյան օրն է, քեֆ պիտի անենք։ Հա՛, լավ միտս եկավ, բարեկամ, երազ ես տեսել, ի՞նչ է, ասում են տունդ սարքել ես, ուրեմն այս անգամ տարեդարձդ քեզ մոտ կտոնենք։

— Տոնեցեք, եթե ուզում եք,— պատասխանեց Հալաբյանը ակամա։

— Ի՜նչպես թե ուզում եք,— գոչեց Ախշարումյանը,— անհամբեր սպասում ենք։ Այս անգամ մինչև հինգ շիշ շամպանյա չբաց անես, ձեռք չենք վերցնիլ քեզանից։

Դեռ վաղ առավոտից Վախվախյանը սկսել էր յուր եռանդուն գործունեությունը: Ճաշի պատրաստությունը և հյուրերին զվարճացնելու իրավունքը նրան էին հանձնված։ Նա անդադար վազում էր դուրս, պատվերներ էր տալիս խոհարարին և կրկին վերադառնալով, զբաղեցնում էր Հալաբյանին,