Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքի տակ չմնաց Վախվախյանը, և նույն վայրկյանին սովորական հազը բռնեց նրա կոկորդից։

Հինգ ամուրիներ ճաշի նստեցին նոր կահավորված, մաքուր, լուսավոր սեղանատանը։ Խոսակցությունը պտտում էր Հալաբյանի բնակարանի վերանորոգության մասին։ Իշխան Սահարունին գովեց նրա վարմունքը, որ սկսել է «տնային կյանք» վարել, մինչև անգամ համբուրեց ճակատից։ Հալաբյանը չէր հավատում նրա անկեղծությանը, թեև չգիտեր նրա բուն դիտավորությունը։ Նատալիային յուր ընկերոջ «վզին կապելը» իշխանը դարձրել էր յուր համար մի լուրջ խնդիր։ Սոփիոն հանգիստ չէր թողնում նրան, և նա կամենում էր մասամբ վճարել այն «փոքրիկ ձեռապարտքերի» փոխարենը, որ ստեպ֊ստեպ առնում էր Նիկողայոս Սադափյանից։

Ճաշը ուրախ անցավ։ Սահարունին խոսում էր ամենքի վերաբերմամբ, բացի Հալաբյանից։ Մոսիո Վախվախյանը և Գիգոն միմյանց ծաղրում էին։ Փոքրիկ մարդը խոսում էր այնքան արագ, որքան արագ֊արագ փակվում ու բացվում էին նրա աչքերի կոպերը։

— Տը տը տըր, տը տը տըր,— ծաղրում էր նրա շատախոսությունը մոսիո Վախվախյանը,— տո դադար չե՞ս տալու էդ կոտրած բարաբանիդ։

Ախշարումյանը կենացներ էր առաջարկում։ Վիթխարի ամուրին հիացած էր Հալաբյանի ճոխ և շքեղ ճաշով, ուտում էր այնպիսի ագահությամբ, որ, կարծես, գրազ էր եկել։ Նրա ամուր և լայն կզակի մեջ պես֊պես համադամ խորտիկների, խորոված և խաշած ձկնի պատառները հալվում էին, թրջվելով Կախեթի ընտիր գինով։ Տասն անգամ նա անուշ արավ Հալաբյանի կենացը, յուրաքանչյուր բաժակից հետո ձեռքը քսելով կրծքին և փորին։ Կարծես ոգելից հեղուկի համար ճանապարհ էր հարթում։ Կանանցից հետո, լավ ուտել-խմելը նրա կյանքի առաջին զվարճությունն էր, որ խլում էր նրա եկամտի մի պատկառելի մասը։ Նա հարուստ ընտանիքի որդի էր, վայելում էր ծերունի հոր լիուլի հավատարմությունը։ Ամեն տարի գնում էր արտասահման և վերադառնում էր նորոգված ճաշակով։ Ստամոքսի կատար ունեցողներին