Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրում էր, ինչպես և ծաղրում էր այն մարդկանց, որ իրանց կյանքում «մի ազգի կանանց են ճանաչել»:

Երբ բոլոր բարեկամական կենացները վերջացան, Գիգոն առաջարկեց յուրաքանչյուրին խմել «յուր ընտրածի» կենացը։ Նա ինքը միանգամից դատարկեց բաժակը և խփեց սեղանին։

— Մարսել — Պոլիս, Վիեննա — Փարիզ,— գոչեց Ախշարումյանը, չորս բաժակ իրարու հետևից դատարկելով:

Հալաբյանը զզվանքով հրաժարվեց այդ «կենացից»: Իշխանը աչքով արավ մոսիո Վախվախյանին։ Վերջինը նայեց տանտիրոջը, բերանը սրբեց, հազաց, դուրս վազեց և իսկույն վերադարձավ։ Նրա հետևից մտավ սպասավորը, մի ձեռում բռնած մի սկուտեղի մեջ հինգ վարդաձև գավաթներ, մյուս ձեռում թաց անձեռոցիկի մեջ փաթաթված մի շիշ։

— Ջան, ջան, մոսիո Վախվախյան,— գոչեց Ախշարումյանը։

Մոսիո Վախվախյանը հանդարտ լցրեց գավաթները շամպանիայով, այնպիսի խորհրդավոր դեմքով, որ կարծես, կրոնական սրբագործություն էր արածը։ Հանկարծ լսվեց Գիգոյի կատվանման սուր ձայնը։

— Նեկտար է և ոչ գինի՜ի...

Իշխանը լռեցրեց նրան և, տեղից բարձրանալով, գոչեց. — Առաջարկում եմ այս բաժակը այս տան ապագա տանտիկնոջ կենացը, հուռա՜...

Նրան ձայնակցեցին Գիգոն և Վախվախյանը։

— Կարելի՞ է հենց այժմ իմանալ մեր հարգելի տանտիկնոջ անունը,— ասաց Ախշարումյանը։

— Խմի՛ր, ժամանակին կիմանաս։

Բոլորը այդ կենացը խմեցին հարգանքով։ Հալաբյանը դժկամակություն ցույց տվեց իշխան Սահարունուն, նրա կատակը անվանելով անտեղի։ Ախշարումյանը պահանջեց շամպանիայի երկրորդ շիշը, հետո երրորդը։ Ճաշը ավարտվեց։ Զվարճացած հյուրերը անցան հյուրասենյակ։ Թուղթ խաղալ ոչ ոք չկամեցավ։ Հալաբանի հրամանով սպասավորը բերեց մի շիշ «բենեդիկտին», և հյուրերը սկսեցին