Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտանելի։ Ահա ինչու նա վերջին ժամանակ հուզվում էր։ Վտիտ ուսերը, որոնց վրա բարձված էր ահագին ընտանիքի հոգսը, չէին դիմանում ծանր բեռան և ավելի ու ավելի կորանում էին: Պետք է մի օր նյարդերը խորտակվեին, որպես չափից դուրս ամուր ձգված լարեր։ Ա՜խ, մանկության հասակից այդ լարերի վրա հնչել էր միայն կարիքը։ Այնինչ, մյուս կողմից՝ երբեք չէր լռել անձնասիրության ձայնը, աղքատի անզոր հպարտության ձայնը, որ սոսկալի դիսսոնանս է նրա կյանքի սրտաճմլիկ ողբերգի մեջ։

Նա զսպեց իրեն, նստեց պարապելու, բայց չկարողացավ։ Գրիչը ձգեց սեղանի վրա։ Պարզ էր, այսօր մի արտաքո կարգի վիշտ ուներ։ Սմբատը գաղտնի դիտում էր նրա տարօրինակ շարժումները, զգալով, որ նա դարձյալ մի բան ուզում է ասել և չի վստահանում։

— Պարոն Սմբատ,— խոսեց, վերջապես, Զարգարյանը, ոտքի կանգնելով,— խնդրեմ ինձ արձակեցեք պաշտոնից։

Սմբատը զարմացած նայեց նրա երեսին։ Յոթ տարի այդ մարդն անվրդով ծառայել է և այսօր ուզում է դուրս գալ։ Անշուշտ, մի խոշոր պատճառ կա։

— Դուք ավելի լավ պաշտո՞ն եք գտել,— հարցրեց նա։

— Ո՛չ, ես դեռ պաշտոն չեմ գտել:

— Կնշանակե, հարստացել եք։

— Այո՛, պարտքերով:

— Ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ուրեմն ուզում թողնել ձեր պաշտոնը:

— Նրա համար, որ ես այսուհետև այստեղ ավելորդ եմ: Լսել եմ, որ ուզում եք հաշիվները նոր սիստեմով պահել, իսկ ես մասնագետ չեմ։

— Այո՛, մտադիր եմ նոր սիստեմով պահել հաշիվները, բայց դուք դարձյալ ինձ հարկավոր եք... Պարոն Զարգարյան, այդ չէ պատճառը, երևի, դուք վիրավորված եք մեզանից...

Զարգարյանը բռնեց իր ջղուտ, երկայն մատներով նոսր սևագույն միրուքը և ասաց հանկարծ.

— Այո՛, վիրավորված եմ... Ձեր եղբայրը, պարոն Սմբատ, ինձ հալածում է, ես այլևս այստեղ մնալ չեմ կարող։