Անտանելի է, ազատեցեք ինձ. շնորհակալ եմ, որքան պահեցիք...
Սմբատը մտատանջության մեջ ընկավ։ Դուրս բերել Զարգարյանին չէր ուզում, այնինչ գիտեր, որ Միքայելը, արդարև, հալածում է հաշվապահին այն օրից, երբ սա այլևս փող չէր տալիս նրան։
— Կկամենա՞ք տեղափոխվել հանքերը,— հարցրեց նա։
— Հանքե՜րը...
— Այո՛։ Ես ձեզ կնշանակեմ կառավարչի օգնական ու հաշվապահ։ Այնտեղ կունենաք ձրի բնակարան չորս սենյակից բաղկացած: Կարող եք տեղափոխել և ձեր տնեցիներին։ Դուք այժմ ստանում եք ամսական քառասուն, այնտեղ կստանաք երկու անգամ ավելի...
Զարգարյանը չհավատաց ականջներին, նայեց զարմացած տիրոջ երեսին։ Սմբատը կրկնեց իր առաջարկությունը։ Զարգարյանի դեմքը մի վայրկյան ժպտաց, և այս առաջին ուրախ ժպիտն էր, որ տեսավ Ալիմյանը նրա մռայլ երեսի վրա։
— Բայց ես հանքային գործերին տեղյակ չեմ,— ասաց նա անվստահ։
— Կսովորեք։ Եթե այդ է միակ առարկությունը, կարող եք վաղը ևեթ տեղափոխվել: Ես իսկույն գնալու եմ հանքերը, կհրամայեմ, որ սենյակները մաքրեն, պատրաստեն։
Կես ժամ անցած Զարգարյանը շտապում էր տուն, ուրախալի լուրը տնեցիներին հայտնելու։ Հաճելի հուզումից նրա երկայն ծնկները ծալվում էին։ Երբեք այնքան բախտավոր չէր եղել. ութսուն ռուբլի, ձրի բնակարան, ավելի մաքուր օդ անդամալույծ եղբոր համար և, որ ամենագլխավորն է, հեռու Միքայելից — ահա անսպասելի բախտ։
Խոսում էր ինքն իր հետ, հաշիվներ էր անում, պարտքեր վճարում, քրոջ երեխաների համար նոր հագուստներ դնում, ձեռները շարժում օդի մեջ, ժպտում, ծիծաղում, անցորդների ուշադրությունը գրավելով։
Հասավ մի նեղ, ցեխոտ և հոտած փողոց։ Մեծ դարբասով մտավ բավական ընդարձակ մի բակ, որ խոնավ էր,