Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեղտոտ, խորդուբորդերով լի։ Նա այնքան շփոթված էր, որ ներս մտնելիս ընդհարվեց մի կեղտոտ հագուստով թուրքի հետ, որ իսկույն հետ կանգնեց, գոչելով.

— Հա՛յ, ինձ մուռտառեցիր...

Բակում ուրախությունից բարևեց մի ոտաբոբիկ թուրքի, որ դանդաղ քայլերով, մի ձի առջևը դրած, քշում էր առաջ։ Ձիու կրծքին կապած էր մի պարան, որի մյուս ծայրը հասնում էր ջրհորին. երբ ձին հեռանում էր, ջրհորից դուրս էր գալիս մի տիկ, որ ջրի ազդեցությունից սպիտակել էր ու փափկել բամբակի պես։ Թուրքը շարժում էր պարանը, և ջուրը տկից թափվում էր ու հոսում մոտակա բաղնիքը։ Բակում աջ ու ձախ ճյուղավորված էին բազմաթիվ պարաններ, ծանրաբեռնված բաղնիսային լաթերով, որոնցից բարձրացող գոլորշին տարածել էր անասելի գարշահոտություն։ Լաթերն աջ ու ձախ հրելով, Զարգարյանը հասավ մի նեղ ու երկայն պատշգամբի, որ բակին հավասար էր։ Մտավ մի փոքրիկ, կիսախավար սենյակ, ուր խաղում էին երկու ոտաբոբիկ, կիսամերկ մանուկներ։ Քանի մի դեղնագույն աթոռներ, մի հասարակ աններկ սեղան՝ ծածկված սպիտակ մաքուր ծակոտիկ սփռոցով, վրեն դրած կլոր երկոտանի հայելի — ահա ամբողջ կահ-կարասին։ Պատերը սպիտակ կավից էին, հատակը նույնպես կավով սվաղած, միայն դեղին խսիրներով ծածկված։

Զարգարյանն անցավ մյուս սենյակը, որ նույն տեսքն ուներ, միայն առանց աթոռների ու սեղանի։ Երկայն թախտի մի անկյունում նստած էր նրա անդամալուծ եղբայրը — Սարգիսը։

Դեռ վեց ու կես տարի առաջ այդ մարդն աջող վաճառական էր հյուսիսային քաղաքներից մեկում։ Բախտի անիվը շուռ եկավ, բավական հարուստ խանութը դարձավ զոհ հրդեհի, մարդը սնանկացավ։ Չդիմանալով խայտառակության, կաթվածահար եղավ ու բևեռվեց անկողնին։ Մինչև այդ ժամանակ նա չէր հիշել, թե Կովկասում ունի մի եղբայր, որ պարապելով առաջ ուսուցչությամբ և այժմ մասնավոր գրասենյակներում, չափավոր ռոճիկով պահել է նախ իր ծերունի ծնողներին, իսկ հետո այրիացած քրոջը` իր