թառամած կանայք, սև հագնված, որոնցից մեկը քույրն էր, մյուսը՝ եղբոր կինը, ուրախության թեթև կռինչ արձակեցին։ Շուշանիկի մելամաղձիկ դեմքի վրա փայլեց լուսավոր ժպիտ։ Եվ նա, ճակատի վրա թափվող շոկոլադի գույն թանձր մազերը հետ տանելով, նայեց հոր երեսին։ Անդամալույծն ուրախ չէր եղբոր հաղորդած լուրին կամ գուցե թաքցրեց ուրախությունը։ Այդ պահին նա բարկացած էր, որովհետև տաք կերակուրն ուշացրել էին։ Մի քանի րոպե առաջ հայհոյել էր կնոջը, եղբորը, ամբողջ ընտանիքին և ամբողջ աշխարհին։ Բոլորը նրան թշնամացել են և դիտմամբ քաղցած են թողնում, որ սովից մեռնի։ Լսելով եղբոր խոսքերը, թե այսուհետև պիտի ապրեն հանքերում, նա առողջ ձեռով հրեց կերակրի ամանը և գոչեց.
— Դու ուզում ես ինձ տանել նավթի հորում խեղդե՞լ... Չեմ գնալ, չեմ գնալ...
Շուշանիկը հոր եղբորը սիրում էր ոչ պակաս, քան հորը։ Այն մարդը, որի վրա ծանրացած է ամբողջ ընտանիքի հոգսը, փոխանակ շնորհակալության, հանդիպում է մերձավորի դժգոհության։ Եվ այն էլ եղբոր կողմից, մի մարդու, որ հարուստ և առողջ ժամանակ հասարակ նամակագրության անգամ չէր արժանացրել նրան։ Դա երախտամոռություն չէ՞ արդյոք։ Ներքին տանջանքից օրիորդը սեղմեց բռունցքները, կարծես կամենալով սրտի դառն կսկիծը խեղդել եղունգների մեջ։
— Պապա,— ասաց նա զգացված ձայնով,— այսուհետև դու ամեն օր խորոված ձուկ կուտես, հորեղբայրս ռոճիկ շատ է ստանալու։
— Սուտ ես ասում,— գոչեց անդամալույծը, իր պլշած աչքերը դանդաղորեն հառելով աղջկա ճակատին։ — Դուք ինձ այնտեղ կթաղեք, կթաղեք... Գազը կտրաքացնեք, նավթ կվառեք, ինձ մեջը կգցեք... Ես ձեզ չե՞մ ճանաչում, ինչ է, դուք անաստվածներ եք։
Եվ, գլուխը դնելով բարձի վրա, սկսեց լալ երեխայի պես.. Զարգարյանը զսպելով իրեն, անցավ մյուս սենյակը։ Նա սոված էր, ուտել էր ուզում, բայց այնքան