— Գոնե այդ աղմուկից կազատվենք, ասաց Զարգարյանը,— այնտեղ հարևաններ չենք ունենալ։ Դե, լավ, Աննա, մի՛ կռվիր,— գոչեց նա մոտենալով դռներին,— չարժե, չարժե...
Աննան ներս եկավ բարկացած ու կամեցավ ծեծել իր երեխաներին, որ չէին լսում իրենց մորը և ամեն ժամ դուրս էին վազում թուրքերի հետ խաղալու։ Շուշանիկը պաշտպանեց մանուկներին, հեռացնելով նրանց մյուս սենյակը, ուսկից լսվում էին անդամալույծի մրմունջները։
— Կանչի՛ր նրան, կանչի՛ր այստեղ,— դարձավ անդամալույծն աղջկան։
Օրիորդը հասկացավ, որ հայրն ուզում է իր եղբորը, կանչեց։
— Դավիթ,— գոչեց անդամալույծը,— թե աստված ունես, ինձ ազատիր այս դժոխքից։ Այդ թուրք հարևաններն ինձ կսպանեն, կխեղդեն գիշերը։ Ա՜խ, այս բաղնիսի հոտն ինձ սպանեց... ազատի՛ր, ազատի՛ր...
Հետևյալ օրը Գավիթ Զարգարյանը գրասենյակի գործերը հանձնեց նոր հաշվապահին և տեղափոխվեց հանքերը։ Իսկ երրորդ օրը նա տեղափոխեց ընտանիքը։ Ուղևորվելուց առաջ անդամալույծը դարձյալ ասաց, թե չի ուզում հանքերում ապրել և առողջ ձեռով հրեց աղջկան, որ օգնում էր նրան տեղից վեր կենալու։ Բայց երբ եղբայրը վճռաբար ասաց, թե լա՛վ, կարող է մնալ քաղաքում, հիվանդը հայհոյեց նրան։ Ի՜նչ, ուզում են նրան թուրքերի ձեռքը գցել։ Կառք, շուտով կառք բերել տվեք և տարեք թեկուզ դժոխք...
Այդ օրը Սմբատն էլ հանքերումն էր։ Նրան հետաքրքրում էր Զարգարյան ընտանիքի վիճակը։ Զգում էր մի տեսակ հոգեկան հաճույք, որ այդչափ գոհություն էր պատճառել ստորադրյալին նոր պաշտոնով։
Կանանց հնամաշ հագուստները, տնային ողորմելի կահ-կարասին, երեխաների ցնցոտիները ծանր տպավորություն գործեցին նրա վրա։ Նա չգիտեր, որ Զարգարյաններն այդքան աղքատ են։
— Ո՞վ է այդ օրիորդը,— հարցրեց հաշվապահին: