արտահանվում աշխարհի բոլոր կողմերը, ոսկի դառնում և անցնում մի քանի տասնյակ բախտավորների գրպանը։
Այս բախտավորների թվին է պատկանում և՛ Սմբատ Ալիմյանը, որովհետև նա է օրինական ժառանգը Մարկոս աղայի հարստության։
Բայց նա մտքում ասում է.
— Ես դժբախտ եմ։
Կառքը կանգ է առնում մի բավական մեծ շինության առջև։ Սմբատը սթափվում է մտքերից, ցած է իջնում։ Հանկարծ, դառնալով դեպի դիմացի պատշգամբը, նրա տխուր դեմքը մի վայրկյան փայլում է, ինչպես մռայլ մեգն արևի ջուլերից։ Այդ շողերն են երկու պայծառ, խելացի և հեզ աչքեր...
Սմբատն անցնում է ցեխոտ ու նավթոտ մի տարածություն և Զարգարյանի հետ մտնում բուրգերից մեկի տակ։ Դա մի երկայնաձև փայտյա շինություն է, պատերը նավթով ողողված, հատակը հողային։ Մեջտեղում փորված է հորը — երկու թիզ լայնությամբ և կես վերստ խորությամբ մի կլոր ծակ, որի պատերը պատրաստված են երկաթով, այնպես որ նա իսկապես ներկայացնում է երկաթի խողովակ՝ գետն ի մեջ ուղղահայաց խրված։
Ներս մտնելով, մարդ զգում է գազի սուր ու շշմեցուցիչ հոտը։ Շոգին մի անկյունում պտտեցնում է մի մեծ անիվ, որին փաթաթված հաստ ու լայն կաշվե փոկը, երկճյուղ անցնելով մինչև շինության կեսը, պտտեցնում է թմբուկաձև ահագին գլանը։ Մերթ դեպի առաջ, մերթ դեպի հետ պտտելով, գլանը բաց է անում կամ հավաքում իր վրա ոլորած երկայն պարանը նայելով, թե ինչ ուղղություն է տալիս նրան քովը կանգնած մշակը։
Այդ մշակը, տիրոջը տեսնելով, հանում է մորթե մեծ գդակը, գլուխ տալիս։ Սմբատը նայում է նրա նավթոտ երեսին և մտածում․ – Դու ինձանից դժբախտ չես․․․ Պարանն ուղղահայաց բարձրանում է վեր,ինչպես օդային օձ, բուրգի ծայրում փաթաթվում է մի անիվի և թեքվում ցած։ Նրա ծայրին կապված է մի քանի սաժեն