Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկայնությամբ մետաղյա դույլ։ Երբ գլանն արձակում է պարանը, գայլը սրընթաց գնում է հորի մեջ։ Զարկվելով երկաթի պատերին, դղրդալով ընկնում է ստորերկրյա լճի մեջ և, խուլ շառաչյուններ արձակելով, նորից բարձրանում է վեր՝ թանկագին հեղուկով լի։ Այդ հեղուկն օր-օրի վրա պիտի ավելացնի Ալիմյանների հարստությունը, այնինչ Սմբատը նրա խշշյունի մեջ անգամ լսում է․

— Դու դժբախտ ես։

Նա մոտենում է հորի բերանին և ականջ դնում։ Այնտեղ մթին անդնդում, կարծես կատարվում է ինչ-որ գեհենային գործողություն։ Նավթը եռում է դարերով կուտակված գազի զորությունից։ Լսվում են տարօրինակ ձայներ, նման քամու խուլ փոթորկի անտառի խորքում կամ ծովային ալիքների հեռավոր շառաչյուններին։ Սմբատի ականջին այդ ձայները հնչում են․

— Դու դժբախտ ես...

Երկայն դույլը ֆշշալով դուրս է սողում, որպես մի վիշապ իր բնից։ Քանի մի վայրկյան նրա կինամոնագույն բծավոր մեջքը փայլում է օդում։ Նա արագ բարձրանում է վերև, նորից կանգ է առնում, կարծես, հոգնած և մտածելով, զարկում է քիթն ինչ-որ ամրության և իր միջի հեղուկը թափում չանի մեջ։ Գազախառն նավթի կաթիլները, բյուրավոր փոշի դառնալով, ցրվում են օդի մեջ։

Ա՜խ, երանի մի զորեղ հարվածով Սմբատը կարողանար փոշի դարձնել այն ծանր վիշտը, որ քարի պես ճնշում է սիրտը։

Նա անցնում է մի ուրիշ բուրգ, հետո երրորդը, չորրորդը։ Ամենուրեք կեղտ, մուր, ցեխ։ Երևում են ոտաբոբիկ էակներ, ոտից մինչև գլուխ նավթոտ, ինչպես կենդանի պատրույգներ։ Այստեղ մարդկային կյանքը յուրաքանչյուր րոպե ենթարկված է վտանգի։ Մի թեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդել մարդկանց։

Սմբատը մտնում է մի առանձին քարաշեն շինություն։ Զարգարյանը զարմացած է, երբեք նրա տերն այնքան մանրամասն չէր դիտել իր հանքերրը և երբեք միևնույն