Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, այնքան մտախոհ չէր եղել, որքան այսօր։ Ինչո՞ւ, հարցնում են իրարու մշակները։

Հինգ վիթխարի հրեղեն աչքեր աղյուսյա պատի մեջ վառվում ենք արձակելով խլացուցիչ աղմուկ։ Նավթային բոցը գլանաձև կաթսաների տակ մրրկի պես պտույտ-պտույտ է անում, գազանի պես մռնչում ու կատաղած լիզում երկաթե ակութի պատերը։ Կաթսաների մեջ եռում է ջուրը և մեքենաների համար շոգի արտադրում։ Երկու մշակ հերթով գիշեր-ցերեկ պտտվում են հրեղեն ակների առջև և նրանց մեջ շարունակ վառ պահում կրակը, որպես քուրմերն ատրուշանների մեջ։

Անսովոր մարդու վրա սարսափ է ազդում տիրող աղմուկը։ Միտքը կամա-ակամա սլանում է հեռո՜ւ, ու հեռո՜ւ, և մտացածին դժոխքը դառնում է իրական, այն տարբերությամբ, որ իրական գեհենին մարդիկ են իրենք իրենց դատապարտում կամավոր։ Թվում է, որ ահա, ահա կաթսաներից մեկը, մյուսը, չդիմանալով ջրի ու կրակի դիվային մրցմանը, կտրաքի և օդը կցնդի ամբողջ շինությունը, և ամենից առաջ իր առջև պտտող մշակներին, որ սոսկալի տաքության մեջ հազիվ կարողանում են շունչ քաշել։

Սմբատին թվում է, որ այդ հրեղեն ակներն անգամ արտասանում են․

— Դու դժբախտ ես։

— Զարգարյան,— դառնում է նա հաշվապահին,— չգիտեմ ինչու, այսօր, կարծես օդը խեղդում է ինձ։

— Այստեղ օդ բոլորովին չկա,— պատասխանում է Զարգարյանը, նրա ասածը հասկանալով ուղիղ մտքով։

Սմբատը լռում է, դուրս է գալիս։ Մտնում է տասը քայլ երկարությամբ և հինգ քայլ լայնությամբ մի սենյակ՝ ցածր լուսամուտներով։ Հատակն աղյուսյա է, բայց շատ տեղ ավերված, խորդուբորդերով լի։ Հազիվ մարդու հասակից մի թիզ բարձր առաստաղը ծխից ու մրից սևացել է, ինչպես խոհանոց, պատերը խոնավությունից բորբոսնել են և սպիտակ բծերով ծածկվել, որպես բորոտի դեմքը։ Սենյակի երկարությամբ մի պատի տակ երկու կանգուն բարձրությամբ փայտի թախտ է շինած, որի տակ հատակը հողային է։