շառագունեցին, և օրիորդը չկարողացավ որևէ պատասխան տալ։
— Ինչո՞ւ ես լռում,— ասաց Զարգարյանը,— կարծեմ, դու պարտավոր ես շնորհակալություն հայտնել պարոն Ալիմյանին, որ քեզ է այդ գործն առաջարկում։ Ընդունի՛ր, թե չէ, հին ուսուցչի արյունը կսկսի բորբոքվել երակներումս։
Նա խոսում էր իր տիրոջ ներկայությամբ համարձակ, կատակով, բայց և մազու չափ չհպարտանալով հարստի բարեկամական վարմունքից։
— Եթե մի բանով կարող եմ օգտակար լինել, ուրախությամբ պատրաստ եմ,— ասաց, վերջապես, Շուշանիկը։— Կամենա՞ք էլի թեյ։
— Ո՛չ, շնորհակալ եմ։ Ուրեմն, մի օգնական ևս ունենք․ ցտեսություն, հետո ավելի մանրամասն կխոսենք։
Սմբատի հեռանալուց հետո, Զարգարյանը սկսեց հանդիմանել Շուշանիկին։ Ալիմյանը նրան այդքան հավատ է ուզում ընծայել, իսկ նա, կարծես չի կարողանում գնահատել այդ մարդու վստահությունը։
— Խելոք մարդ է, գիտե, որ դու այստեղ, այս ամայի երկրում, կարող ես տխրել, ահա ինչու է առաջարկում քեզ այդ գործը։
— Բայց չէ՞ որ ես ասացի, թե ուրախությամբ հանձն կառնեմ, եթե կարող եմ կատարել։
— Ի՞նչ ասել է «եթե կարող եմ կատարել»։ Հասարակ գրագիտության դաս տալը մեծ բան չէ։ Ո՞ր վարժուհին ավելի գիտե, քան դու, ո՞րն է քո չափ կարդացել ու զարգացել։
Օրիորդը, առանց մի խոսք ասելու, անցավ իր սենյակը։ Այնտեղ նա լուսամուտից աչքերով ուղեկցեց Սմբատին, որ կառք նստելով, գնաց քաղաք...
Հետևյալ օրը երեկոյան նա ասաց հորեղբորը.
— Աշխատիր շուտ շինել տալ նոր բնակարանները մշակների համար։ ճշմարիտ որ հներում ապրել անհնարին է։
— Դու ի՞նչ գիտես անհնարին է։
— Ես այսօր ման եկա և տեսա։ Այնտեղ նրանք հիվանդանում են...
Եվ նրա ձայնի մեջ զգացվեց անհուն կարեկցություն։