վեպերից պես-պես արյունահույզ տեսարաններ, համեմատում էր իրեն այս կամ այն հերոսուհու հետ։ Հիշում էր օրիորդական անցյալը, պատանեկական հասակը։ Ուրա՜խ և անհոգ ժամեր։ Ինչե՞ր չէր անում դասընկերուհիների հետ, ի՞նչ կատակներ, գժություններ, երբ մանավանդ խմբովին վերադառնում էին «պտույտից»։ Նայել այս ու այն գեղեցիկ երիտասարդին, ժպտալ, ծիծաղել, միմյանց բոթելով, մի քանի թռուցիկ սիրային խոսքեր արտասանել լսելի ձայնով, «պարացնել խեղճերին», ցույց տալ, թե սիրահարված են երիտասարդի վրա։ Երբեմն նույնիսկ նամակներ գրել, տեսակցություն նշանակել։ Եվ այս բոլոր մանկական կատակների հեղինակն ու ղեկավարն էր Աննա Կորոլկովան, մաքսային չինովնիկի աղջիկը։ Նա էր բոլորից ավելի տաքարյունն ու համարձակը։
Ախ, երջանի՜կ ժամանակամիջոց, որ այնքան կարճ տևեց։ Տասնուչորս տարեկան չկար Անուշը, երբ ուսումը ձանձրացրեց նրան։ Եվ ի՞նչ ուսում, ո՞վ էր դաս պատրաստում։ Անուշը, ինչպես և շատերը նրա ընկերուհիներից, միայն ձևի համար էր դպրոց գնում։ Ծնողները միայն մոդի համար էին նրան այնտեղ ուղարկում, հենց այնպես, որպեսզի ուրիշներից հետ չմնա։
Դուրս եկավ չորրորդ դասատնից, ոչինչ հետը չտանելով, բացի այդ պատանեկական հիշողություններից։
Դիմացի տան դռները բացվեցին։ Գեղեցկուհի հարևանուհին դուրս եկավ, կարմիր հովանոցը կռնատակին, ձեռնոցները հագնելով և հետևից կանչելով. «մո՛պսիկ, մո՛պսիկ»։ Դուրս թռավ գնդակի արագությամբ մի մոխրագույն շնիկ, սև տափակ դնչով, վզին փաթաթած փոքրիկ բոժոժներ։ Ճանապարհորդությունից հետո գեղեցկուհին ավելի թարմացել էր, ավելի գեղեցկացել։ Այսօր միանգամայն բորբոքեց նա Անուշի նախանձը իր ազատ վարք ու բարքով։ Կարծես, հենց այդ նախանձն ավելի բորբոքելու համար, գեղեցկուհին մոտեցավ լուսամուտին և հարցրեց.
— Ի՞նչ եք այս հրաշալի եղանակին տանը նստել։ Նրանք ծանոթացել էին մի հասարակական երեկույթում։