Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անուշը կկաշառի նրան։ Այդ հոգևորականները — փողով միշտ միացնում են անմիանալին և բաժանում անբաժանելին:

Սակայն դա Անուշի ուղեղի վերջին խոսքն էր։ Այնուհետև կրքերն ամբողջովին կլանեցին նրան, ճիշտ այնպես, ինչպես ինը տարի առաջ։ Միքայելի շինծու անտարբերությունը դարձավ նրա համար անվերջ տանջանքների աղբյուր։ Պետք էր մի կերպ վերջ տալ այդ տանջանքներին։ Եվ վերջ տվեց։

Օրերն անցնում էին. Անուշն ու Միքայելը ծծում էին բուռն կրքերի արբեցուցիչ հյութը։ Չէին մտածում իրենց արածի մասին, չէին անգամ խոսում։ Սիրո հարատև ջերմությունը և կրքի անցողիկ հուրը դարձել էին հոմանիշ։ Կյանքի երջանկությունը զզում էին փոխադարձ խոլական հեշտանքի մեջ։ Առանց մտածելու արտասանում էին. «սիրում եմ», և հավատացած էին, թե սիրում են, թե հենց այդ է իսկական սերը, որ դրվատում են վիպասանները և աստվածացնում բանաստեղծները։

Սակայն փոքր առ փոքր իրականության շողերն սկսեցին մուտք գործել մթագնած ուղեղների մեջ։ Անցավ բուռն հեշտանքի պահը, և մի օր Անուշը փոքր-ինչ սթափվեց։ Այժմ միայն սկսեց պարզ ակնարկել Միքայելին այն բանի մասին, որի վերաբերմամբ կամեցել էր խոսել, հանդուգն քայլն անելուց առաջ և չէր վստահացել խոսելու։— Նա ուզում է բաժանվել Ղուլամյանից և...

Եվ չշարունակեց. առաջին անգամի համար այսքանն էլ բավական էր։ Մի՞թե Միքայելը չի հասկանում, չգիտե՞, թե կինն ինչպես կարող է տանջվել, ապրելով չսիրած մարդու հետ միևնույն հարկի տակ, սրտով ու հոգով նրանից բաժան, ուրիշին նվիրված։

Միքայելը լուռ լսեց նրա ակնարկը, ապա ղրկեց, համբուրեց և դուրս եկավ։ Եվ այդ օրից նրան պաշարեց անսովոր մտահոգություն։ Անուշի ցանկությունը — բաժանվել մարդուց — նրան նեղը գցեց։ Ի՞նչ հիմարություն, հա՜, հա՜, հա՜, խլել մարդուց նրա օրինական կնոջն ու հետը ապրել։ Ի՞նչ կասի հասարակությունը։ Եվ այն էլ մի կնոջ հետ,