որ, հա՜, հա՜, հա՜ երկու երեխա ունի, որ արդեն ինը տարի է ամուսնացած է և թարմությունը կորցրած...
Քնքո՜ւշ բեղիկներ, ինչո՞ւ այս խորհրդածությունների ժամանակ կորցնում էիք ձեր հրապոյրը։ Ինչո՞ւ Անուշը դառնամ էր մի առօրյա, սովորական էակ, նման մյուս կանանց, առանց արտաքո կարգի արժանիքների։ Նմա՞ն։ Ո՛չ, այդ էլ սխալ է...
Ահա ինչ պատահեց մի օր։ Համբուրելով Անուշին, Միքայելը հանկարծ շրթունքների վրա զգաց մի անախորժ խտղտում և նույն վայրկյանին բաց թողեց տիկնոջ գլուխը, որ անզոր թեքված էր իր կրծքին։ Նայեցին միմյանց երեսին։ Անուշը սովորաբար աշխատում էր Միքայելի դեմքի վրա և աչքերի մեջ կարդալ նրա հոգու ելևէջները։ Այս անգամ, սակայն, չգուշակեց նրա իսկական զգացումը։ Նրան թվաց, որ երիտասարդը պատրաստվում է նոր թափով հարձակվել իր վրա, այնպես, ինչպես սովորաբար անում էր, գրկել, համբուրել: Եվ նա ինքը հարձակվեց, գրկեց ու սկսեց խելագարի պես համբուրել։
Միքայելն աննկատելի աշխատում էր չդիպչել նրա շրթունքներին: Թվում էր նրան, որ բեղիկների անախորժ շփումն այս անգամ կդրդի ավելի զգալի ձևով հրել իրենից Անուշին։ Եվ այն ժամանակ, հարկավ, տիկինը պիտի վիրավորվեր ու վշտանար։ Ի՞նչ անբնական երևույթ։ Զարմանալի է, այո՛, զարմանալի, որ հենց այդ բեղիկները նրան խելքից հանեցին։ Ի՞նչ անբնական երևույթ, ի՞նչ ծաղր բնության։ Կինը պետք է կին լինի իր բոլոր արտաքին հատկանիշներով. իսկ այդ բեղիկնե՞րը...ֆու՜․․․ Իսկ այդ կոպիտ բարիտո՞նը... ֆո՜ւ...
Բոցակեզ կրքերի հնոցի մեջ այդ վայրկյանները միայն ծխի մութ կետեր էին, որ հայտնվում էին և իսկույն չքանում: Իսկ հնոցը վառվում էր դեռ նախկին ուժով։ Պատահում էր, որ Միքայելը քիչ էր մնում իր գրկի մեջ խեղդեր Անուշին, եթե միայն ուժը պատեր խեղդելու։ Եվ երբ բաժանվում էր նրանից, սիրտը լցվում էր ինքնագոհության շլացուցիչ զգացումով։ Բաա՜, նա մի անդիմադրելի, սրտակեր առյուծ է, մի անզուգական դև, որի հրապույրն