Մյուս օրը Միքայելը մտավ գրասենյակ և կրկնեց, թե իրեն հինգ հազար ռուբլի է հարկավոր։ Սմբատը մերժեց։
— Շատ լավ,— ասաց Միքայելը,— Մարութխանյանից կվերցնեմ ապագա ժառանգությանս հաշվին։
Այդ օրից երկու եղբոր հարաբերություններն ավելի լարվեցին։ Մարութխանյանն անընդհատ գրգռում էր Միքայելին ոչ այնքան դատ բանալու եղբոր դեմ, որքան ձանձրացնելու ամեն օր կոնտր-կտակի միջոցով։ Այդ մարդուն կատաղեցնում էր Սմբատի սառնությունը, և նա գիշեր-ցերեկ խորհում էր, ի՞նչ միջոցներ գտնի հակառակորդին հաղթելու համար։ Մի՞թե Սմբատը պիտի անպատիժ վայելի այդ ահագին հարստությունը․ նա, որ չի աշխատել, չի մտածել և հանկարծ տիրացել է միլիոնների։ Ո՛չ, դա անարդարություն է, և Մարութխանյանը երբեք չի թույլ տալ այդ տղային հանգիստ վայելելու հայրական փողերը։ Նա գիտեր, որ Սմբատն ատում է իրեն, մտքում համարելով խարդախ։ Եվ այս հանգամանքն ավելի էր բորբոքում նրա թշնամական զգացումը։ Սակայն նա չէր կորցնում իր սառնասրտությունը և արտաքուստ տակավին վարվում էր Սմբատի հետ բարեկամաբար։ Իսկապես նա ինքը հույս չուներ կոնտր-կտակի զորության վրա։ Դա մի միջոց էր Սմբատին վախեցնելու և դրդելու, որ գեթ մասամբ գոհացնի իր քրոջը, տալով նրան ժառանգությունից մի որևէ մաս։ Մյուս կողմից՝ կտակը հնարել էր, Միքայելին իր ձեռների մեջ առնելու համար, և արդեն առել էր։ Այժմ նրանք իբրև դաշնակիցներ կապված էին այլևս խարդախ ձեռնարկության բոլոր հետևանքներով և Մարութխանյանը զգում էր, որ Միքայելն առանց նրան ոչ մի քայլ չի կարող անել։ Իսկ այս հանգամանքը ձեռնտու էր նրան մի այլ նպատակի համար։ Նպատակ, որին հասնելն ավելի դյուրին էր համարում, քան Ալիմյան ժառանգությունից մի բան ստանալու և գուցե ավելի արդյունավետ․․․
Մարութխանյանը քաղաքում վայելում էր հարգանք։ Թե ինչ անցյալ էր ունեցել և ինչ միջոցներով հարստացել — այս մոռացվել էր բոլորի կողմից։ Նա բավական հայտնի գործարանատեր էր, խելոք վաճառական — այսքանը հերիք էր։