իրավունք ունես, քանի որ, հա՜, հա՜, հա՜, օրինավոր կտակի մեջ մեր հայրը քեզ վրա պարտք է դրել՝ ինձ ուղիղ ճանապարհի բերել։ Բացի դրանից, չէ՞ որ մեծ եղբայրս ես, այն էլ մեծ ուսումով։ Իսկ ես ո՞վ եմ։ Թերուս, տգետ, անբարոյական։ Բայց լսի՛ր․ ես ատելով ատում եմ այն բանը, որ մտքումդ ինձ համարում ես փչացած։ Այն երեկո Ադիլբեկովի տանը արյունս գլխովս էր տալիս, երբ ինձ վրա ներողամիտ-ցավակցական հայացքներ էիր ձգում։ Ձգում էի, որ դու մտքումդ ինձ խղճում ես։ Օ՜օ, շատ եմ տեսել քեզ պես հերոսներ։ Ահա մեր քաղաքի բոլոր բժիշկները, իրավաբանները, ինժեներները. նրանք էլ են խոսում ուրիշների բարոյականության մասին, քանի որ նոր են, իսկ հետո, երբ մտնում են կյանքի մեջ, երեսներն ուռցնում են ու կարմրեցնում, բարոյական սկզբունքները թափում են ծովը, գրպանները լցնում, ուղեղները դատարկում։ Ընկերանում են երեկվա մաքսանենգին էլ, իրենց աղաներից գողացած փողերով մարդ դարձած պրիկաշչիկներին էլ, կեղծ սնանկացածներին էլ, անկեղծ ապուշներին էլ, ինձ նման փչացածներին էլ։ Մտնում են միևնույն ճահճի մեջ և, երևակայելով, որ ժամանակի թևերի վրա եթերք են բարձրանում, օր-օրի վրա խրվում են մինչև իրենց կոկորդը։ Նայիր, սիրելիս, իդեալներ կունենաս, չլինի նավթահորի մեջ թաղես, զգո՛ւյշ, և միայն քո մասին մտածիր... Ցտեսություն, ես պիտի գնամ ուրիշի կնոջ մոտ... Իսկ կտակը... իսկական է։ Եթե չես ուզում դատարանները քաշքշեն քեզ, առայժմ վաղը ինձ համար պատրաստիր հինգ հազար ռուբլի... Ցտեսություն...
Նա անցավ ննջարանը՝ հագուստը փոխելու։
Սմբատն աչքերով ուղեկցեց նրան մինչև դռները, ուսերը թոթափելով։ Արդյոք, դա մի գեղեցիկ պաճուճապատանք չէ՞ ասեղներով լի, որին պիտի զգույշ մոտենալ` ձեռները չխայթելու համար։ Ինչևէ. այդ երիտասարդը զուրկ չէ խելքից, նույնիսկ սրամտությունից։ Բայց այնուամենայնիվ Սմբատը չի խաբվիլ այդ խարդախ թղթով, կպահպանի իր իրավունքները։ Չի խաբվիլ և՛ այդ պերճախոսությունով, կաշխատի ուղիղ ճանապարհի բերել հարազատ եղբորը։