Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ տառապեց խեղճ մարդը, շատ,— կրկնում էր նա հեծկլտանքով,— գիշեր-ցերեկ բերանի խոսքն էր․ «որդիս մոռացավ իր պապերի հավատը, որդիս խայտառակեց ինձ»։

Սմբատը, մեջքը պատին հենած, գլուխը թեքած կրծքին, շրթունքնեը կրծոտում էր անխնա։ «Անիծվի՛ս, եթե չկատարես»,— հնչում էին նրա ականջին հոր վերջին խոսքերն այնքան ահեղ, որ նա ցնցվում էր ամբողջ մարմնով, աջ ձեռի մեջ ամուր սեղմելով նվիրական ծրարը։

Բոլոր ներկա եղողների հայացքներն ուղղված էին դեպի այդ ծրարը, իսկ ամենից ավելի մեկինը։ Դա հանգուցյալի երկրորդ որդին էր՝ Միքայելը, քսան և ութ տարեկան մի երիտասարդ, նուրբ կազմվածքով, նիհար, գունատ, ածխի պես սև մազերով և նորաձև սրուկ միրուքով։ Նրա խոշոր, մուգ ընկուզեգույն աչքերն արտահայտիչ էին, խելացի և միևնույն ժամանակ, կարծես, անտարբեր դեպի ընտանեկան վիշտը։ Արդարև նրա համար կորուստն այնքան մեծ չէր, որքան իր եղբորը հանձնված ծրարի բովանդակությունը։ Գիտեր, որ այդ ծրարի մեջ ամփոփված է հանգուցյալի կտակը, բայց ի՜նչ կտակ—ահա խորհրդավոր ժամի էականը, ահա այն, որ պիտի որոշե իր ճակատագիրն ու ապագան։ Մերթ ընդ մերթ նա այնպիսի անհամբեր և ներվային շարժումներ էր անում, որ կարծես ուզում էր հարձակվել ավագ եղբոր վրա և խլել նրանից ծրարը, որ սպունգի պես ծծում էր նրա ամբողջ ուշադրությունը, նույնիսկ բոլոր զգացումները։

— Չլինի՞ թե ծերունին խենթացավ և ինձ ղրկեց ժառանգությունից,— դարձավ նա մոտ քառասուն տարեկան մի աղա մարդի, որ քայլ առ քայլ հետևում էր նրան։

Դա հանգուցյալի փեսան էր, Մարթայի ամուսինը, քաղաքում բավական ականավոր գործարանատեր և միևնույն ժամանակ սպեկուլյանտ Իսահակ Մարութխանյանը։ Արտաքինն այդ մարդուն պատկերացնում էր վերին աստիճանի անվրդով հոգու տեր, հաշվագետ, սառը, եսամոլը հագած էր երկայնափեշ սև ռեգինկոտ, մոխրագույն անդրավարտիք և սև մետաքսե խոշորագույն փողկապ։