Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միջահասակ էր, կարճ խուզած սև մազերով, փոքրիկ իսպանական ձևի մորուսով, խնամքով սանրած և վեր ցցած բավական թանձր բեղերով։ Չնայելով իր տարիքին, նրա այտերը կարմիր էին, ինչպես տասնևմեկ տարեկան պատանու թշեր: Մինչդեռ պարզ ակնոցների տակից նայում էին մի զույգ կանաչ-դեղնավուն աչքեր, որոնց արտահայտությունը ոչ այնքան խելացի էր, որքան նենգամիտ ու հրող։ Ուռած և նույնպես կարմիր շրթունքների վրա ծփում էր մի շինծու և անախորժ ժպիտ, որ կարծես ասում էր. «Մի կարծեք, որ ես հիմարի մեկն եմ»։ Կանգնած էր նա հանդարտ, անվրդով, գլուխը միշտ բարձր պահած, այնպես որ, կարծես, պարանոցը դրված էր երկաթե սղմիչի մեջ։ Գուցե նրան նեղում էր խիստ մաքուր և խիստ փայլուն օսլայած շապկի բարձր և ամուր օձիքը։ Նրա կանաչ դեղնագույն բիբերը ձվաձև շրջանակների մեջ դառնում էին այս ու այն կողմ անագից շինած խաղալիքի աչքերի պես նույնչափ մեքենայաբար, որչափ մեքենայական էին նրա բոլոր ձևերն ու շարժումները։

Պարզ էր, որ աներոջ մահը մազու չափ չէր խլրտում նրա ազգակցական զգացումների նիրհը։ Պարզ էր նաև, որ եթե բոլոր ներկա եղողները րոպեաբար և տեղն ու տեղը մահանան, դարձյալ նրա աչքերը չպիտի թրջվի: Իսկ իր կնոջ հեկեկանքներին ու արցունքներին նա նայում էր արհամարհանքով։ Այնինչ պճնազարդ Մարթան, թաշկինակն աչքերին սեղմած, շարունակ հեկեկում էր բավական վարպետորեն։ Եվ Իսահակն ավելի, քան ուրիշ մեկը նրա որդիական ողբի մեջ զգում էր հոգու անսահման կեղծիք և տեսնում էր, որ կինը թաշկինակի տակից գաղտուկ դիտում է բոլորին, որ իմանա` ինչ ազդեցություն է գործում իր ողբը շրջապատողների ու մանավանդ այն եղբոր վրա, որի ձեռքումն էր հոր կտակը։ Եվ ոչ ոք չէր լալիս անկեղծորեն, բացի այրիից, իսկ տասնուվեց տարեկան Արշակը, որ ընտանիքի մեջ ամենակրտսերն էր, անտարբեր աչքերով նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կարծես գիտնալու համար, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Քիչ անցած սգալի տեսարանն սկսեց նրան ձանձրացնել, և նրա թուխ գույնի և