Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թառանչելով, որպես մի կենդանի, մի հրեշ, անցավ շոգեկառքը, հետևից քարշելով նավթային վագոնների երկայն շարը։ Նրա սուլոցի ձայնը գործարանների կաթսաների տակ վառվող կրակի և անթիվ խողովակներից դուրս սլացող շոգու բոմբյունը շփոթեցնում էին մարդու լսողությունը։ Թվում էր, որ այստեղ տեղի ունի ինչ-որ անիմանալի պատերազմ, և այդ խլացուցիչ ժխորի մեջ կռվում են բյուրավոր չար ոգիներ։

— Մտիկ արա,— խոսեց նորից Մարութխանյանցը,— աշխարհը կլանել է այդ Նոբելը, էլի չի կշտանում։ Ղոչա՜ղ...

Նա ցույց էր տալիս մի ահագին գործարան, որ գրավել էր Սև քաղաքի կեսը։

— Սիրում եմ այդ տեսակ մարդկանց,— շարունակեց անսովոր եռանդով, սրելով հաստլիկ բեղերի առանց այն էլ սուր ծայրերը,— դիզում են, դիզում, էլի քաղցած են... Միայն ծույլերը կարող են նրանց ագահ համարել... Ունես, աշխատիր կրկնապատկել, եռապատկել, տասնապատկել։ Քոնը քիչ է, խլիր հարևանիցդ, ընկերիցդ, եղբորիցդ։ Ճանկերդ սրիր ու ընկիր աշխարհի հոգին հանիր, մի՛ նստիր ու պառավ կնոջ պես սրան ու նրան նախանձիր։ Ո՞ր վաճառականը կարող է մի տերության հավասարվել։ Կարդա՛ լրագիրները և տես, ո՞ր զորեղ տերությունն է մեր ժամանակում կուշտ։ Տասը տարի առաջ ես մի նոտարիուսի օգնական էի և մասնավոր փաստաբան, այժմ կես միլիոն կարողություն ունեմ։ Այո՛, ունեմ, չեմ թաքցնում։ Ինչո՞ւ չպիտի աշխատեմ կեսը մեկ դարձնել, մեկը երկու, երեք, հինգ, տաս...

Նա շարունակեց նույն ուղղությամբ։ Առաջ ամեն մի խանութպան վաճառական էր համարվում, ամեն մի կաթսայի տեր — գործարանատեր, ամեն մի կոտրած նավակ ունեցող — նավատեր։ Այժմ ո՞վ է նրանց մարդու տեղ դնում։ Այժմ փոքրերը կուլ են գնում մեծերին, իսկ մեծերը, փոքրերին անխնա ուտելով, օրից-օր ուռչում են, փքվում ու մեծանում։ Ահա ինչու նա չի ուզում փոքր մնալ, որպեսզի այսօր-վաղը մի մեծ բերան նրան կուլ չտա ոստրեի պես...

— Փո՜ղ, փող ու փող,— գոչեց նա՝ ընկնելով մի տեսակ ինքնամոռացության մեջ։ Նա է աշխարհի հավատը, սերը,