Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված: Միխակ, բա՛ց արա աչքերդ, մի՛ թողնիր, որ եղբայրդ տանի հարստությունը ուտեցնի կնոջն ու զավակներին։ Չոքի՛ր վզին, վախեցրո՛ւ կեղծ կտակով։ Չի վախենում, դատ բաց արա անվախ։ Ես զգույշ մարդ եմ, բայց էլի ռիսկ սիրող եմ, ով որ չգիտե ռիսկ անել, չի կարող մեծանալ, բայց զգույշ, էլի զգույշ։ Գործ դիր բոլոր միջոցները, խլիր եղբորդ ձեռքից հորդ միլիոնները։ Բեր բաժանենք երեք տեղ, հետո էլի միացնենք, կազմենք մի մեծ ընկերություն, նոր նավթահողեր առնենք, նոր հորեր սկսենք փորել տալ, շինել տանք մի մեծ գործարան, դնենք նավեր, շոգենավեր։ Բաց անենք աշխարհի բոլոր կողմերում գործակալություններ, սկսենք մրցել ամերիկացիների հետ, և մեկ էլ տեսար դարձանք նավթային թագավորներ։ Մեր անունն օր-օրի վրա կտարածվի աշխարհի բոլոր կողմերում, բոլորը կխոնարհվեն մեր առջև, գլուխ կտան, կլիզեն մեր փեշերը։ Այն ժամանակ կսկսենք նստել, վերկենալ ոչ թե Թաթոս-Մաթոսների, այլ Ռոտշիլդների, Վանդերբիլդների պես հսկաների հետ, որոնց առջև մինչև անգամ տերություններ են խոնարհվում։ Եվ հետո դու կտեսնես, թե ինչ ասել է իսկական կյանք։

Որքան նա ոգևորվում էր, որքան նրա ծրագիրները մեծանում էին, այնքան ինքը փոքրանում էր կառքի վրա, այնքան կուչ գալիս Միքայելի մոտ և նմանվում մի մեծ տզրուկի, որ պատրաստվում է ծծել իր հարևանի արյունը։ Վեր¬ապես, նա բոլորովին կուչ եկավ, դարձավ մի կծիկ, գլուխը մոտեցրեց Միքայելի ծնկներին, բռնեց երկու ձեռներով նրա մի ձեռը, ամուր սեղմեց և բերանը բաց արած, ձեռնասուն կապկի պես, նայեց նրա աչքերին, կարծես, ձգտելով ամբողջ էությամբ մտնել այնտեղ։

— Միխակ, Միխակ,— գոչեց նա, եղանակը փոխելով և գրեթե աղերսալի ձայնով,— Սմբատը խելոք տղա է։ Նա քեզ կխաբի, դու ազնիվ ես, բարեսիրտ, շուտ հավատացող։ Նա կասի. «եղբայր, ե՛կ գործը հաշտ վերջացնենք մեր մեջ, Մարութխանյանին ոչինչ չտանք, մենք ուտենք մեր հոր կարողությունը»։ Կխոստանա ոսկու ասպրակներ և մի հատ գարի էլ չի տալ։ Նա քեզ կթշնամացնի ինձ հետ, Մարթայի