Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, կխլի քրոջդ այն խեղճ երեխաների բերանի հացը, կտա իր կնոջը, երեխաներին։ Նա կասի. «Մարութխանյանը խարդախ է», դու կհավատաս, միամիտ ես, կհավատաս։ Բայց վկա է աստված, քեզ կխաբի... Զգույշ, զգույշ և զգույշ...

Կառքը հասել էր քաղաք։ Մարութխանյանը շտապեց իրեն ուղղել, գլուխը բարձրացրեց, ակնոցները դրստեց, բեղերը հարթեց և ընդունեց սովորական գոռոզ կերպարանքը։

Միքայելը, որ մինչև հիմա գրեթե բոլորովին լուռ էր և լսում էր փեսայի ընդարձակ ծրագիրները, արտասանեց.

— Չեմ թույլ տալ Սմբատին իմ գլխին իշխանություն բանեցնի։ Արա ինչպես ուզում ես, ես կհետևեմ քո խորհուրդներին...

XII

Տիկին Անուշը շարունակ պնդում էր, թե պետք է անպատճառ ամուսնուց բաժանվի։ Երդվում էր, թե անկարող է այլևս թաքցնել իր հանցանքը, թե մի ինչ-որ ուժ ամեն առավոտ նրան դրդում է ասել Պետրոսին բոլորը և միանգամից դեն ձգել սրտի վրա ծանրացող քարը։ Միևնույն է, եթե ինքը չհայտնի, վաղ թե ուշ Պետրոսը պիտի իմանա։ Արդեն, կարծես, սպասավորն ու աղախինը կասկածելի աչքով են նայում Միքայելի հաճախակի այցերին։ Այսպես շարունակ անհնարին է. խաբելն այնքան դժվար չի եղել, որքան խաբեբայությունը թաքցնելը։ Նա տանջվում էր հանցանքի ծանրության ներքո և կարծում էր, եթե խոստովանի ամուսնուն, կթեթևացնի իր տանջանքը։

Մի օր, երբ այս մասին խոսում էր, Միքայելը մատների ծայրով շփեց նրա ծնոտն ու ասաց.

— Անուշ, դու երեխա ես։

Եվ «երեխա» բառն արտասանեց այնպիսի փաղաքշական եղանակով, այնպիսի փափուկ ձայնով, որ Անուշի սիրտը լցվեց մեծ հաճույքով։ Սիրականից մի քանի տարով մեծ կինը մոռացավ իր դրությունը, միայն այդ բառը լսելով։