Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկար։ Անուշը վրդովվեց, կատաղած բողոքեց, պահանջեց, որ Միքայելն այսուհետև չհանդգնի այդ տեսակ վիրավորական մտքեր արտահայտելու։ Նա չի կարող սիրուհի դառնալ, հասկանո՞ւմ է Միքայելը, նա անբարոյական չէ, ընկած չէ...

Այդ օրից Միքայելը դարձյալ մի շաբաթ չերևաց։ Անուշն սկսեց մոռանալ վիրավորանքը, խորհեց սառնարյուն նրա ասածի մասին և փոքր առ փոքր հաշտվեց անհեթեթ մտքի հետ։ Ճշմարիտ, որ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Քի՞չ կան թաքուն ուրիշների սիրուհիներ, առերես հավատարիմ ամուսիններ։ Թող մեկն էլ նա լինի։ Վերջապես, հենց այժմ մի՞թե ինքը սիրուհի չէ և մի՞թե, ամուսնուց բաժանվելով, կմաքրի իր անունը։ Ընդհակառակը, այն ժամանակ բոլորը կծիծաղեն նրա հիմարության վրա։

Հանցանքը փոքր առ փոքր դադարում էր նրան ճնշել։ Ո՞ւմ է դավաճանում։— Մի մարդու, որ արդեն յոթ-ութ տարի է ինքը դավաճանում է նրան։ Իրավունքները հավասար են, այն տարբերությամբ, սակայն, որ Անուշը գիտե Պետրոսի արարքները, իսկ Պետրոսը դեռ չգիտե Անուշի արարքը։ Բայց այդպե՞ս է, արդյոք։ Գուցե Պետրոսը գիտե...

Եվ Անուշը վախենում էր Պետրոսից. նրա երկյուղը ֆիզիկական էր ու ավելի զորեղ, քան բարոյականը։

Մի գիշեր, զանազան չար կասկածների տակ քնած լինելով, հանկարծ զարթնեց սարսափահար, բարձրաձայն գոռալով։ Երազում տեսել էր, որ Պետրոսը, ձեռին մի դանակ, մոտենում է իրեն։ Բարձրացրեց լամպարիկի պատրույգը, սենյակը լուսավորեց, նայեց աջ ու ձախ, ոտքի կանգնեց։

Պետրոսը զարթնել էր նրա ձայնից և վերմակի տակից լուռ դիտում էր շարժումները: Նրա ուռած այտերը այժմ ավելի փքված էին երևում, ճաղատ գլուխը փայլում էր լամպարիկի լուսո ներքո, կարմիր շրթունքներն արձակում էին քնարբի անճոռնի հնչյուններ։ Անուշի աչքում դա մարդկային գլուխ չէր, այլ ինչ-որ այլանդակ գունդ։ Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես կարողացավ մի այդպիսի մարդու գիրկն ընկնել։ Թվում էր նրան, որ Պետրոսը միշտ այդպես է եղել, միշտ կարմիր, ուռած, տգեղ, հրեշ։ Նա չէր հիշում