Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ոչ այնքան գեր, աշխույժ արագաշարժ, վառվռուն գործակատարին, որով հափշտակվեց ինը տարի առաջ։

Երեսը զզվանքով հետ դարձրեց, պառկեց նորից անկողին։

— Քունդ չի՞ տանում,— լսեց հանկարծ ատելի ձայնը, որ սենյակի լռության մեջ նրա ականջներին հնչեց այնքան զզվելի, այնքան երկյուղալի, որ ցնցվեց, գլուխը բարձրացրեց։

Ոչինչ չպատասխանեց, երեսը շուռ տվեց պատին և գլուխը թաքցրեց վերմակի տակ։ Քանի մի վայրկյան անցած, լսեց Պետրոսի բոբիկ ոտների ձայնը գորգի վրա։ Վերմակը մի կողմ շպրտելով, վախեցած ոտքի կանգնեց, ինչպես կատաղի հուշկապարիկ։

Նրա կուրծքն ուժգին բարձրանում էր ու ցած իջնում, մազերը թափվել էին հաստլիկ ուսերի վրա, կոկորդի երակները կապտել էին և լարվել։ Նա մի մարմնացած զզվանք էր։ Մինչդեռ Պետրոսը ձուլված կիրք էր, ամեհի, անզուսպ։ Մի քանի վայրկյան կանգնած էին դեմուդեմ լուռ, անշարժ ինչպես երկու հակառակ տարերային չար ուժեր։ Անուշը հասկանում էր ամուսնու միտքը։ Օօ՜, գազան, ով գիտե մի ժամ առաջ ո՛ր սիրուհուդ ծոցումն էիր, իսկ այժմ...

Նա երկու ձեռով ուժգին հրեց իրենից մարդուն և անցավ մյուս սենյակ։ Պետրոսը կամեցավ վազել նրա հետևից, բայց դռները մի վայրկյանում կողպվեցին, և նա մնաց կանգնած մեն-մենակ՝ վառված կրքերի հնոցի մեջ...

— Դու սիրական ունիս,— գռռաց նա և պառկեց անկողին։

Հետևայլ օրն Անուշը Միքայելին դիմավորեց արտասուքն աչքերին։ Փաթաթվելով նրա պարանոցին, հեկեկաց...

— Ազատի՛ր ինձ, ազատիր այդ մարդուց, զզվում եմ, վախենում եմ...

Այնինչ, Միքայելին արդեն սկսել էր ճնշել ապօրինի կապի հանցավորության զգացումը։ Կրքերը հագուրդ էին ստացել և տեղի տվել սառն մտախոհության։ Կուրացած միտքը զարթնել էր և արտահայտում էր իր իրավունքները։ Այն մարդը, որ բնավ պղտոր զգացումները կին էակի վերաբերմամբ